Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդալ մարդկանց հոգիները նրանց ճակատների վրա։ Ուզո՞ւմ ես ասեմ, թե կնիկդ ինչու համար է ինձանից զզվում այժմ, թե դու ինչու համար ես այսօր այդպես կասկածով և խոր-խոր մտիկ անում ինձ։ Դու մի բան ես ուզում իմանալ, զուր մի պլզիլ աչքերդ...

Այդ միջոցին երկու ոստիկաններ մի կապույտ շապիկավոր երիտասարդի, աջ ու ձախ թևերից բռնած, տանում էին դիմացի մայթով։

Հանկարծ Միսակը կտրեց իր, ըստ երևույթին, անկապ խոսքերի թելը, նայեց նրանց և ապա դեպի երկինք, որպես թե անփույթ։ Ինչ֊որ մի նենգ և բազմախորհուրդ բան ժպիտի պես աղավաղեց նրա առանց այն էլ այլանդակված դեմքը։ Արամի զննող հայացքից չխուսափեց այդ վայրկենական տեսարանը։

Երկար ժամանակ Արամը աչքերով հետևում էր ոստիկաններին և ձերբակալվածներին։ Սպասում էր, որ մեկն ու մեկը նրանցից հետ կդարձնի երեսը և կնայի ուրիշ ոչ ոքի, եթե ոչ միայն Միսակին։ Բայց ոչ մեկը չնայեց։ Նրանք անհետացան փողոցի ծայրում։ Միսակը հասկացավ եղբոր միտքը, հազաց խռպոտ ձայնով, թքեց մայթի վրա և շարունակեց.

— Պետք է ասած, որ ես քեզանից շնորհակալ եմ, եղբայր պատվական։ Մեր ժամանակներում եղբայրություն ասած բանը չկա։ Իսկ դու վատ եղբայր չես։ Դու մեկ-մեկ ինձ գրպանի ծախս ես տալիս։ Հենց դրա համար է, որ քեզ սիրում եմ և ուզում եմ պաշտպանել ամեն կերպ։ Եղբայր պատվական, ուշադրություն դարձրու քո աշակերտների վրա։ Նրանք ինչ գործ ունեն ուսանողների հետ։ Մի թողնիր, որ ոչ մի ուսանող կամ բանվոր, կամ անծանոթ ոտք դնի քո արհեստանոցն առանց գործի, հենց այնպես։ Հասկացա՞ր։ Պետք է որ հասկանաս, հիմար խոմ չես։

— Հասկանում եմ, այո, հասկանում եմ,— արտասանեց Արամը եռանդով ու ջերմագին։ Եվ նրա ձայնը դարձյալ դողաց։

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ապա թե ոչ, քիչ էր մնում վախենայի քեզ համար։ Էհ, այժմ թողնենք այդ և դառնանք ուրիշ կողմ։ Գրողը տանի, այսօր ես սոխակի պես եմ