բարբառում, լեզուս խիստ է բացվել։ Գիտե՞ս ինչ, դու շատ էլ մի պարծենար քո խելքով։ Եթե դու գրել գիտես, ես խոսել գիտեմ: Ես մի ժամանակ դատարաններում փոքրիկ գործեր էի պաշտպանում։ Մասնավոր փաստաբան էի, գրողը տանի ինձ։ Ահա թե ինչ էի ուզում ասել, եղբայրիկս. ես քեզ համար շատ բան եմ արել։ Օ, օ, ես չլինեի, այսօր դու, ով գիտե, քաղցած պիտի զկռտայիր։ Հիշում եմ այսօրվա պես, դու տասներկու տարեկան էիր, երբ մեր հայրը, Տեր-Առաքելը մեռավ։ Այն ժամանակ ես կոնստիտորիայում գրագիր էի ամսական քսանուերկու ռուբլով։ Վերցրի քեզ իմ թևերի տակ ինչպես մայր, որովհետև մեր մայրը քեզ ծնելիս էր մեռել: Ես էի, որ քեզ տվեցի Մյուլմանին աշակերտ։ Ամենաառաջին կազմարարին։ Իմ խաթրու նա քեզ արհեստ սովորեցրեց երեք տարում։ Երկու ամսվա ռոճիկս միացրի քո խնայած գումարին, քեզ համար արհեստանոց բաց արի։ Այժմ դու ամենալավ կազմարարներից մեկն ես իմ շնորհիվ, այո, իմ շնորհիվ: Այժմ դու ապրում ես մարդու պես, իսկ ես շան նման կյանքս քարշ եմ տալիս փողոցներում և մի օր անտեր, անօգնական կսատկեմ մի աղբանոցում։
— Եվ ո՞վ է մեղավոր, որ դու այդպես ես,— գոչեց Արամը։
— Ի՞նչ, ո՞վ է մեղավոր։ Դու չգիտե՞ս, որ հարցնում ես։ Մոռացե՞լ ես կնոջս։ Ախ, այն գարշելի արարածին։ Աստծուն է հայտնի, որ ես նրան սիրում էի։ Ինչ արավ նա ինձ։ Ախ, մինչև այն սարսափելի օրը ես օրինավոր մարդ էի, օղու հոտը չէի իմանում։ Այն օրից ես սկսեցի ընկնել ու ընկնել և հասա, ահա, այս դրության։ Ես միայն մի բանում եմ մեղավոր, այն է, որ այդ րոպեին հենց անկողնի մեջ երկուսին միասին շանսատակ չարի։ Էհ, եղբայր, ինչո՞ւ ինձ հիշեցրիր այդ պատմությունը։ Թքիր:
— Բավական է, լռիր,— արտասանեց Արամը խուլ ձայնով,— դու արդեն սպանել ես թե մեկին և թե մյուսին։
— Ի՛նչ ես հիմար-հիմար խոսում,— վրդովվեց Միսակը, եթե միայն կարող է վրդովվել մի մարդ, որ կորցրել է ամեն մի զգացում։
— Ես գիտեմ ինչ եմ ասում, գիտեմ։