Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կռվենք, ուրեմն,— բղավեց նա ատրճանակը բարձրացնելով։

Այնտեղ, հակառակ անկյունում, փոքրիկ, կեղտոտ նստարանի վրա դրած էր մի մեծ և սուր դանակ, որպիսին գործ են ածում կազմարարները։

Արամը խլեց դանակը։

Նրա աչքերը մթնել էին, արյունը գլխովն էր գնում։ Նա ոչինչ չէր զգում և մտածում այլևս, բացի մի բանից, որ իր առջև կանգնած է մի վնասակար սողուն, որին պիտի ոչնչացնել։

Միսակն զգաց, որ դրությունը վտանգավոր է։ Եվ վճռեց պաշտպանվել։ Սակայն հազիվ նա մի շարժումն էր արել, երբ զգաց իր կրծքի վրա պողպատի սառնությունը։ Լսվեց մի խուլ դղրդյուն, և նա ընկավ հատակի վրա։

— Այդպես, ուրեմն դու հանաք չէիր անում,— արտասանեց մատնիչը, գալարվելով հատակի վրա,— ախ, ինչ վատ ձեռք ունես։

Արամն արյունոտ դանակը ձեռքին՝ մի քանի վայրկյան գազանային աչքերով դիտում էր արածը։ Նա զգաց, որ հարվածը մահացու է, դանակը ցցվել է ուղիղ եղբոր սրտի մեջ։ Գցեց դանակը մի կողմ և նստելով նստարանի վրա, աչքերը ձեռքերով ծածկեց։

— Կանչիր այստեղ վկաներ։ Ես կասեմ, որ ինքս ինձ սպանեցի։ Եղբայրասպան։ Կանչիր։ Երեխաներ ունես. Կանչիր, խեղճ ես...

Վիրավորվածն սկսեց խռխռալ և ձգվել։ Արամը ցնցվելով, ոտքի կանգնեց և մի քայլ մոտենալով եղբորը, բևեռվեց տեղն ու տեղը ու արտասանեց.

— Ի՞նչ արի... Եղբորս։— Միսակը մի վայրկյան աչքերը բաց արավ։

— Ասա բոլորին, որ ես մարդկանց ատում էի, որովհետև ինձանից զզվում էին ամենքը։ Բայց ոչ մի կոպեկ չեմ վերցրել արածներիս համար։

Եվ երեսը դարձնելով պատի կողմը, լռեց հավիտյան...