Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավատալ։ Անտանելի է, դառն։ Օ, օ, քանի անքուն գիշերներ եմ անցկացրել քո պատճառով։ Այժմ արդեն ապացուցված է, որ դու այն ես, ինչ-որ անվանում են քեզ։ Ես անհերքելի փաստեր ունեմ, ահա, այնտեղ, սեղանի մեջ։ Դու մոտ քառասուն մարդ ես... Ասա. ինչո՞ւ համար, ո՞վ է քեզ ստիպում։

— Համոզմունքս,— հազիվ կարողացավ արտասանել Միսակը։

— Ուրեմն խոստովանո՞ւմ ես: Եվ գետինը չի պատռվում քեզ ներս կլանելու։ Համոզմունք։ Միթե քեզ նման մի սողուն կարո՞ղ է համոզմունք ունենալ։ Լսիր,— շարունակեց Արամը, հազիվ շունչ քաշելով և եղբոր օձիքը բաց թողնելով,— ես պահանջում եմ քեզանից, ահա, ինչ։ Ես կկանչեմ այստեղ բոլորին, որոնք խոսում են քո մասին։ Դու պետք է նրանց առջև խոստովանես, թե ով ես դու։ Դու մեղա կգաս ծնկաչոք և ահա դրանով ինքդ վերջ կտաս քո գարշելի կյանքին։

Վերջին խոսքերն արտասանելիս՝ նա սենյակի անկյունում դրած գրասեղանի արկղից հանեց մի ատրճանակ և դրեց սեղանի վրա։

— Հի, հի, հի,— ծիծաղեց Միսակը բարձրաձայն,— ինչ վախկոտ մարդ ես գտել։ Ես գիտեմ, որ իմ կյանքի դատավճիռը տրված է արդեն։ Բայց ես ոչ ոքից չեմ վախենում, լսո՞ւմ ես, ոչ ոքից... Դիր իր տեղն ատրճանակդ և հանգիստ թող ինձ, ապա թե ոչ, գիտես, ես քեզ էլ...

— Օհ, երանի միայն իմ վերաբերմամբ լինեիր ստոր և զազրելի: Բայց դու քանի անմեղների ես տանջանքների ենթարկել։

— Ասա, կկատարե՞ս իմ պահանջը, թե չէ։

Միսակը, նայելով նրան լկտի հայացքով, քայլերն ուղղեց դեպի դռները։

— Մնաս բարով, դու քոնն արա, ես էլ իմը կանեմ։

Արամը կտրեց նրա ճանապարհը, նորից փակեց դռները և եղբորն այնպես հրեց դեպի սենյակ, որ նա, հինգ քայլ հետ գնալով, ընկավ գրասեղանի վրա։ Նրա մի ձեռը դիպավ ատրճանակին։ Նա բնազդաբար խլեց զենքը, ուղղվեց։ Այդ րոպեին նրա քայքայված դեմքը սոսկալի էր։