Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ աստված լուսավորեց մոր միտքը։ Եվ մայրը դարձավ բանաստեղծ ու ստեղծագործեց անմիջապես։

Դա իր հարազատ զավակի իսկ կյանքն էր։ Եղել է մի մանուկ վեց տարեկան։ Ծնողները սիրել են նրան իրենց հոգու ամբողջ ջերմությամբ, շոյել ու փայփայել են ու ոչինչ չեն խնայել նրա համար, ոչինչ։ Մանուկը եղել է երջանիկ այդ սիրով և պաշտել է իր ծնողներին ու սիրել կյանքը։

Եվ աշխարհն այնքան հաճելի է եղել նրա համար, որ ոչ մի վիշտ, ոչ մի դառնություն չի ընկճել նրա մատաղ հոգին։ Ապրել է ու աշխատել, աշխատ ել է ու ապրել մինչև խորին ծերություն, միշտ ուրախ, միշտ զվարթ: Նա հավատացել է կյանքին խորին հավատով և սիրելով կյանքն ու իր զավակներին, արհամարհել է մահը և միշտ հեգնել ու ծաղրել է նրան ինչպես առավոտն է իր պայծառ լուսով ծաղրում գիշերվա խավարը։ Արեգակը նրա համար է երկիրը լուսավորել, ծառերը նրա համար են բարձրացել, նռենիները նրա համար են բուսել ու անուշ բուրմունք տարածել, գետերը նրա համար են հոսել, աղբյուրները նրա համար են կարկաչել, թռչունները նրա համար են երգել, երաժիշտները նրա համար երկնքից աստվածային հնչյուններ իջեցրել, իսկ հուրը, սուրը նրա համար եղել են խաղալիքներ։ Ամեն ինչ, ամեն ինչ նրա երջանկության համար է եղել, և երկիրը ու երկինքը, և ծովերը և աստղերը, համայն տիեզերքը։ Մարդու համար։ Եվ մարդն եղել է հպարտ ու վեհ, ուրախ ու երջանիկ։

Եվ մայրական անուշ ու քնքուշ ձայնի երաժշտությամբ հանգստացավ մանկան փոթորկված հոգին, ու նրա աչքերը մեղմիկ փակվեցին…

Նա քնեց և այս անգամ նրան պաշարեցին այլ երազներ։ Երազներ, միմյանցից ուրախ ու հաճելի։ Ծաղկազարդ սարեր ու բլուրներ, պայծառ երկինք, զմայլելի երկիր, և երաժշտություն, այնքան դյութիչ ու այնքան կախարդիչ, որ մանկան էությունը ձուլվեց նրա հնչյունների հետ...

Գիշերային բուերը լռեցին, զարհուրելի պատկերները չքացան, ահռելի ուրվականները կորան։ Դադարեց աքաղաղների աններդաշնակ կանչը, օձերի վշվշոցը։ Սկսեցին երգել