— Օգնություն, օգնություն,— աղաղակում էր հորաքույրդ,— մեզ սպանում են։
Սկսվեց անհավասար կռիվ երկու անզեն կանանց և երեք ավազակների մեջ։ Օօ, եթե ձեռքիս լիներ մի դաշույն, ոչ մեկին կենդանի չէի թողնիլ:
Բակում լսվեցին ձայներ։ Մեկը հրացան արձակեց։ Դրանք մեր հարևաններն էին, որ եկել էին մեզ օգնելու։ Նրանք զինված էին որը հրացանով, որը դաշույնով, որը փայտով:
Հանկարծ կողքիս վրա զգացի ինչ-որ տաքություն, ապա սաստիկ ցավ։ Ձեռս մոտեցրի, զգացի թացություն։
Ինձ վիրավորել էին դաշույնով։ Արյունը հոսում էր աղբյուրի պես։ Ես ուշաթափվեցի ընկա։
Բայց տունն և աղջկաս կյանքը ազատված էին։ Ավազակները փախան, տանելով իրենց հետ ջարդված ընկերներին։
— Ահա իմ վերքի պատմությունը, թոռնիկս,— ավարտեց տատս, մի անգամ ևս քթախոտը մոտեցնելով յուր քթի լայն պնչերին։— Հանգստացա՞ր։ Այժմ պառկիր և քնիր։
Բայց ես այնքան էի ազդվել, այնքան հուզվել, որ այդ գիշեր մինչև լույս չկարողացա աչքերս փակել։
Մենք ունեինք հինգ թթենի — մեկը բակում, չորսը փողոցում։
Հենց որ թթի ժամանակը գալիս էր, այդ ծառերը դառնում էին իմ պարծանքը և հոգսը։
Ազատ ժամերիս մեծ մասը նրանց էի նվիրում։
Չարաճճի մանուկները հանգստություն չէին տալիս խեղճերին։ Ով ճարպիկ էր — բարձրանում էր նրանց վրա և կապիկի պես ճյուղից ճյուղ ոստոստալով, ուտում էր համեղ պտուղները։ Ով չէր կարող — ցածից քարեր և փայտեր էր գցում և թութը թափում գետնին։ Էլ չէին սպասում, որ պտուղը հասունանա, կարգին թափ տանք և բաժանենք ամենքին։
Չեք կարող երևակայել, թե այդ բանը որքան վշտացնում