Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ինձ։ Հազիվ անմեղ պտուղները զարդարում էին կանաչ ճյուղերը, հազիվ ծառերը սկսում էին հպարտ-հպարտ մտիկ անել դեպի վեր — կապույտ երկնքին, դեպի վար — անցորդներին — կողոպուտը սկսվում էր։

Ես ասում էի ամենքին.

— Տղերք, որքան ուզում եք կերեք թութը, բայց ծառերին մի չարչարեք: Մեղք է։

Ով էր լսում ինձ։ Չար ձեռքերը օրը մինչև երեկո քարեր ու փայտեր էին արձակում խեղճերի վրա և նրանց տանջում։ Շատ անգամ մի երկու թթի համար ահագին ոստեր էին կոտրում։

Ես էի միայն նրանց պաշտպանը։ Ախ, այդ կանաչազարդ ոստերը, որպիսի ճչով և աղաղակներով էին պոկվում ճյուղերից և ընկնում գետնի վրա։ Ամեն անգամ, երբ տեսնում էի նրանց սալահատակի վրա սփռված, սիրտս էր մղկտում։ Ինձ թվում էր, որ դրանք իրանց մայրերի կրծքից խլված ու սպանված երեխաներ են, և մայրերը ողբում են նրանց։

Ամենից ավելի կարմիր թթի ծառերն էին չարչարվում, որովհետև նրանց պտուղն ավելի համեղ էր։ Լացս էր գալիս, երբ վայր ընկնող ոստերի հետ ընկնում էին հասունացած հատիկները: Կարծես դրանք ծառերի արցունքները լինեին։ Կարմիր արցունքներ, արյան արցունքներ։

Օ՜օ, սիրելի ծառեր, մանկությանս սքանչելի ընկերներ, երեսունուհինգ տարի է ձեզ չեմ տեսել։

Չորացե՜լ եք արդյոք, թե՞ անգութ կացինը կտրել է ձեզ բնից։ Եթե դեռ կենդանի եք, ո՞վ է ձեզ պաշտպանում ձեր ծերության հասակում, ազնիվ բարեկամներ։ Հիշում եմ ձեզ անհուն սիրով և երախտագիտությամբ։ Դուք ինձ շատ եք ուրախացրել, շատ հիացրել, շատ կերակրել։

Եվ քանի՜-քանի՜ անգամ ամառվա շոգ օրերին պատսպարել եք ինձ ձեր հովասուն ճյուղերի տակ ու զովացրել։ Քանի՜-քանի՜ անգամ ես ձեր պատճառով ծեծվել եմ և ծեծել։

Ահ, հիմա էլ գլխիս վրա մնում է այն վերքի տեղը, որ ստացա մի պատանու գցած քարից:

Մնացեք բարև, ազնիվ ընկերներ, ես այլևս ձեզ չեմ տեսնիլ…


Ալեքսանդր Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հատոր V—12