Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
IX
ՊԱՏԵՐԱԶՄ

Մի օր ուսումնարանից նոր վերադարձած, մածոնի փրթոշ էի ուտում։ Դարձյալ լսեցի մեր թթենիների աղաղակը։

Նրանք ինձ օգնության էին կանչում։ Վազեցի փողոց և ինչ տեսա, տեր աստված… Թուրք պատանիների մի մեծ խումբ վայրի գազանների նման հարձակվել են բարեկամներիս վրա և անխնա փշրտում են նրանց ոստերը, մինչև անգամ ճյուղերը։

Արյունս գլխովս տվեց, աչքերս մթնեցին։

Գոռալով հարձակվեցի թուրքերի վրա, մեկին ապտակեցի մյուսին աքացի տվեցի, երրորդին թավալեցի գետնին։ Բայց ո՞ր մեկի հետ կռվեի։ Նրանք տասը հոգուց ավելի էին։

Հեկեկալով վազեցի տուն և տատիս գանգատվեցի։

Պետք է ասեմ, որ վերքի պատմությունը լսելու օրից տատս իմ աչքում դարձել էր հերոսուհի։ Ինձ համար այլևս չկար աշխարհի երեսին ավելի քաջ ոչ միայն կին, այլև տղամարդ։

Տեսնելով արտասուքս, նա կատաղեց վագրի պես։ Այդ ութսունհինգ տարեկան պառավը ոտքի թռավ ինչպես քսան տարեկան աղջիկ։ Գնաց բակը, վերցրեց մի բահ և վազեց փողոց։

Ես հետևեցի նրան, զինվելով մի մեծ փայտով։

— էյ, լակոտներ, ինչպես եք համարձակվում Բոշանց Ծաղիկի թոռնին լացացնել։

Տեղն է ասել — սիրելի մանուկներ, որ տատիս անվանում էին Բոշանց Ծաղիկ։ Ասում էին, թե իբր նրա պապը եղել է բոշա, այսինքն՝ գնչու։

Թուրք պատանիները առաջ ծիծաղեցին տատիս տեսնելով, հետո հարձակվեցին մեզ վրա, փոքրիկ գայլերի պես:

Ես այսօր էլ լսում եմ տատիս սարսափելի գոռոցը, այսօր էլ տեսնում եմ օդի մեջ նրա զարհուրելի բահը: Առաջին հարվածը նա տվեց մի չեչոտ հաստավիզ պատանու։

Թուրքերն ավելի կատաղեցին։ Օգնության հասավ Ավետն