Երեսն ու մեծ-մեծ ականջներն այնքան կարմիր էին, որ բարկանալիս կապտում էին բադըմջանի պես։
Բայց նա շատ քիչ էր բարկանում և իսկի մեզ չէր ծեծում։ Միայն շուտ-շուտ հազում էր և երբեմն այնպես սաստիկ, որ կարծում էինք, թե պիտի խեղդվի։ Երբ հազը վերջանում էր, նա յուր խոշոր պլպլող աչքերը տնկում էր մեզ վրա և ժպտում։ Կարծես ասում էր.
— Տեսա՜ք, ինչ լավ պրծա։
Մենք սիրում էինք Գասպար վարժապետին: Նա այնքան բարի էր, որ հաճախ մեզ հետ կատակներ էր անում։
Դասերի ժամանակ ոգևորում էր։ Արագ-արագ անցուդարձ էր անում ետ ու առաջ։ Նրա ոտները կարճ էին և մի քիչ ծուռ, ուստի ման էր Գալիս ինչպես բադ — աջ ու ձախ երերվելով։ Նրա լայն լաջվերդի գույնի շալվարը շրջազգեստի պես ծալծլվում էր ու ալիքներ գոյացնում: Նրա դուրս ցցված փորից արծաթե գոտին ստեպ-ստեպ ցած էր իջնում։
Գասպար վարժապետը շատ էր սիրում Մադրասի գինի և խոզի մսի խորոված։ Հաճախ մենք նրան տեսնում էինք գինետներից դուրս գալիս։ Երբեմն նրանից տկճորի հոտ էր փչում ։
Մի բան ատելով ատում էր Գասպար վարժապետը — աշակերտների հարցերը։ Երբ նրան թվաբանությունից կամ քերականությունից որևէ բան էինք հարցնում, նա միշտ ասում էր.
— Զահլես մի տարեք, կմեծանաք, կիմանաք։
Իրավ, հենց որ մեծացանք, իմացանք, որ Գասպար վարժապետը ոչինչ չգիտեր։
Բայց ներողություն, սխալվեցի մի փոքր։ Գասպար վարժապետը շատ լավ գիտեր այն բանը, ինչ որ այսօր անվանում են գործնական դասատվություն։ Շաբաթը մի կամ երկու անգամ նա մեզ տանում էր քաղաքից դուրս յուր կնոջ համար սունկ ժողովելու կամ փիփերթ ու դաղձ քաղելու։ Իսկ տանը մեզ ստիպում էր թափ տալ յուր գորգերն ու խսիրները, հորից ջուր դուրս բերել։ Աշնանը բարձրանում էինք նրա տան տափակ հողյա կտուրը և նրա ճեղքերը հարթում մոխիրով կամ հարդով։ Հետո բանքվով ծեծում էինք, ամրացնում,