որ առաստաղը չկաթի անձրևի ժամանակ։ Ձմեռն էլ կտուրը մաքրում էինք ձյունից։
Մի անգամ աշակերտները ապստամբվեցին, ասելով, թե չեն ուզում այդ տեսակ դասերով պարապել։ Գասպար վարժապետը չբարկացավ, բայց շատ խնդրեց, որ «գժություն» չանենք։
— Դուք իմ սիրուն բալաներս եք,— ասաց նա,— խոսքս տափը մի գցեք, թե չէ կնիկս...
Բանն այն է, որ այդ օրը Գասպար վարժապետի կինը լվացք ուներ։ Մենք պետք է լվացած շորերը տանեինք կտուրի վրա փռեինք, որ արևի տակ չորանան:
Շատ խնդրեց, աղաչեց Գասպար վարժապետը, չզիջեցինք։ Դռների առջև երևաց նրա կինը, սապնաջրից կապտած բազուկներով։
— Հըմ, ինչո՞ւ եք ուշանում,— ասաց նա,— ես շորերը քամեցի, վերջացրի։
— Չեն ուզում, ա կնիկ,— պատասխանեց Գասպար վարժապետը մեղավոր եղանակով։
Տիկինը կատաղեց։
— Ֆալախկան մեջտեղ բեր, կուզեն,— ասաց նա,— շատ են երես առել քո թուլությունից։ Դրանց ծեծով միայն կարելի է մարդ դարձնել։ Դեհ, ճիպոտը վերցրու։
— Ա կնիկ, թող, աստված սիրես,— աղերսեց Գասպար վարժապետը,— ես ինքս քո լվացքը կփռեմ արևի տակ:
Տիկինը յուր աջ ձեռի հինգ մատները բաց արավ, թափ տվեց օդի մեջ երեք անգամ դեպի յուր ամուսինն և ասաց խորին արհամարհանքով.
— Առա է՜, առա է՜, տափը մտնի քեզ նման վարժապետը, տափը...
Եվ հեռացավ։
— Այսօր հացս հարամ արիք գլխիս,— դարձավ մեզ Գասպար վարժապետը հուսահատական եղանակով և թուլացած նստեց մինդարի վրա։
Այս դեպքից մի շաբաթ անց ես տեղափոխվեցի գավառական դպրոց։