Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XI

ԻՄ ԳԱՌՆՈԻԿԸ

Ես կենդանիներ շատ էի սիրում։

Հայրս ուներ երկու ձի։ Հիանալի նժույգներ էին—մեկը սևագույն, մյուսը ոսկեգույն։ Լեզգի Մահմադը, մեր հավատարիմ ծառան, ասում էր, թե քաղաքում ոչ ոք չունի այդպիսի ձիեր։

Ես սաստիկ փափագում էի հեծնել նրանց, բայց հայրս թույլ չէր տալիս, վախենում էր, որ ընկնեմ։ Մի անգամ միայն թույլտվություն ստացա ոսկեգույն նժույգը տանել աղբյուր ջուր տալու։ Վերադարձին կամեցա մի քիչ քշել և իսկույն ընկա։

Ոչ մի տեղս չջարդվեց, բայց տունդռուզս մի ամիս ցավում էր։ Համոզվեցի, որ ինձանից ձի հեծնող չի դուրս գալ և այնուհետև սիրեցի ուրիշ կենդանիներ։ Մենք ունեինք կովեր, հորթեր, շներ, բայց ամենից ավելի գառներ էի սիրում։

Հիշում եմ մի սև գառնուկ, որ հայրս գնել էր ինձ համար մի զատիկ։ Վեց ամիս ես նրան պահեցի, մեծացրի։ Գեղեցիկ գառնուկ էր, սիրուն դունչով։ Ուներ մի զույգ փոքրիկ եղջյուրներ, որոնց ես ամեն օր հավի ճարպ էի քսում, որ փայլեն։

Ես այնքան սիրեցի այդ գառնուկը, որ գիշերներն անգամ չէի ուզում բաժանվել նրանից։ Ամեն օր տանում էի քաղաքից դուրս արածացնելու։ Անունը դրել էի Լեյլի։ Նա վազում էր ետևիցս, ուրախ-ուրախ թռչկոտելով։ Լիզում էր ձեռներս, դնում էր դունչը ծնկներիս վրա և հետո խոշոր, գեղեցիկ աչքերը հառում երեսիս։

Շաբաթը երկու անգամ լվանում էի նրան սապոնով, սանրում։ Նրա եղջյուրները միանում էին և կամաց-կամաց ծռվում։ Ես երազում էի մի օր տեսնել նրան մեծ խոյ դարձած և երևակայում էի, թե ինչպես պիտի կռվեր ուրիշ խոյերի հետ և հաղթեր նրանց։

Այդ իմ ամենամեծ փափագն էր, որի պատճառով երբեմն դասերս անգամ մոռանում էի։ Վերջը այնքան