սովորությունը երկրորդ բնույթ է, ինձ համար նա առաջինն է։ Խմել- արդեն ընտիրը խմել, եթե ոչ — չարժե, Այնպես չէ՞, գնդապետ,— դարձավ նա Տարաշչենկոյին։
— Իհարկե,— հաստատեց լայներես սպան, հազալով ու ձեռքերը շփելով իրարու, որպես հաճելի ու սրբազան պարտականություն կատարելու պատրաստվող մեկը։
— Իսկ գինին,— շարունակեց Ալթունովը, ավելի ու ավելի ոգևորվելով,— Ուդելնիյ Վեդոմստվոյի լավագույններից է։ Ճշմարիտ է, շատ էլ հներից չէ, ընդամենը տասնհինգ տարվա, բայց հույսով եմ կհավանեք։ Այս գինին ամեն մարդու չեն տալիս։ Պետք է ասած առանց պարծենալու, որ Ուդելնիյ Վեդոմստվոյի կառավարիչն իմ մտերիմ բարեկամներից մեկն է. երբեմն նա ինձ համար ուղարկում է հատկապես մեծ իշխանների համար պատրաստված գինիներից մի քանի դյուժին։ Ես էլ, իհարկե, պարտքի տակ չեմ մնում։ Ահա խավյար, ռոկֆոր պանիր, անչոուս, կիլկի, զանազան ապխտած ձկներ։ Գնդապետ, առաջին խոսքը ձեզ է տրվում,— դարձավ նա Տարաշչենկոյին։
— Դուք ինձ շարունակ գնդապետ եք անվանում, բայց ես միայն կապիտան եմ,— ուղղեց նրա սխալը Տարաշչենկոն։ Եվ, ընդունելով կոնյակի առաջին բաժակը, իսկույն ևեթ դատարկեց։
— Համեցեք, կապիտան,— դարձավ Ալթունովը Պաստուխովին, առաջարկելով նրան երկրորդ բաժակը։
— Ներողություն, ես միայն պորուչիկ եմ,— մռմռաց երկայնահասակը, կարծես բարկանալով, որ կապիտան չէ։
— Ձեր կենացը,— առաջարկեց Տարաշչենկոն և շտապեց դատարկել սքանչելի հեղուկի երկրորդ բաժակը։
— Ո՛չ պարոններ, ոչ,— ընդհատեց Աշթունովը,— ես համաձայն չեմ։ Մենք մի մեծ պարտք ունինք, որ չպիտի մոռանանք ուր որ լինենք։ Դա հայրենիքի սերն է։ Հանուն այդ սիրո ես առաջարկում եմ խմել նախ և առաջ անհաղթելի ռուս զորքերի կենացը։
— Կարելի է,— արտասանեց պորուչիկ Պաստուխովը, այնպիսի ներողամիտ եղանակով, որ կարծես համայն Ռուսիայի տերն ու հրամանատարն էր։