Եվ երկայն պարանոցն ավեի երկարացնելով, բաժակը բարձրացրեց օդի մեջ, նայեց նրան թափանցիկ և մի կումով դատարկեց:
Ըմպելիքներից հետո Ալթունովը գովեց ուտելիքները, ռոկֆորը Ֆրանսիայից հատկապես նրա համար է բերել տրված, խավիարն ու ապխտած ձկները մասնավորապես նրա համար են պատրաստված Սալյանում ։
Կոնյակի բաժակները հաջորդեցին իրարու։ Շուտով սպաների գլուխները բավական տաքացան դեռ գինու շշերը բաց չարած։
—Գիտեք, ես զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են վագոնում քնել,— ակնարկեց Ալթունովը իմ վերաբերմամբ։
Որ խեղդեք էլ նա չի կարող քնել։ Առհասարակ քունը նրա կարծիքով կես մահ է, ուստի բարվոք է համարում գիշերները լուսացնել կլուբներում կամ հյուրանոցներում։ Կյանքը կարճատև է, պետք է օգտվել նրա ամեն մի վայրկյանից։ Այնպես չէ՞, գնդապետ, ներողություն, կապիտան։
— Բոլորովին ճիշտ եք հրամայում,— շտապեց համաձայնել Տարաշչենկոն, մի շատ նշանակալի հայացք- ձգելով գինու փակ շշերի վրա։
Ալթունովը հասկացավ նրա միտքը և շտապեց շշերը բանալ։ Գինու առաջին բաժակը ևս նա պարտք համարեց նվիրել ռուսաց հաղթական զորքերին։
— Դուք սպա՞ եք եղել,— հարցրեց Պաստուխովը, խմելուց հետո սրբելով երկայն ու բարակ ընչացքը, որ գարու հասկերի էր նման։
— Բախտ չեմ ունեցել այդ պատիվը վայելելու,— պատասխանեց Ալթունովը, խոր հառաչելով։
Բայց մեղավորը ինքը չէ, այլ հայրը։ Հանգուցյալը, միայն մի որդի ունենալով, չկամեցավ նրան ուղարկել պատերազմի դաշտը՝ հայրենիքի պատիվը պաշտպանելու։ Նա բարվոք համարեց, որ իր որդին էլ մնա հոր պես սոսկ կալվածատեր ու կառավարե տոհմային կալվածքները։
— Ուրեմն դուք կալվածատե՞ր եք,— հարցրեց