առաջին կայարանից կհեռագրեմ երկաթուղու գլխավոր կառավարչին, որ իմ ամենամտերիմ բարեկամն է ու գիտի ես ով եմ։
— Կարող եք հեռագրել, որքան կամենաք,—— պատասխանեց կոնդուկտորը, նստարանից իջնելով,— այդ տեսակ սպառնալիքներ մենք ամեն օր լսում ենք։
Եվ, մի հեգնական ժպիտ պարգևելով ուղեկցիս, դուրս գնաց։
— Վայրենի՛,— գոչեց Ալթունովը, մի ոտը հատակին զարկելով և բռունցքն օդի մեջ բարձրացնելով։— Սպասի՛ր, անասուն, երբ քեզ պաշտոնից կզրկեն, այն ժամանակ կիմանաս, թե ով է Արկադիյ Մարկովիլ Ալթունովը։ Ես դեռ երեկ Կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելիս խոսում էի երկրի անկարգությունների մասին։ Հարկավոր է միայն չմոռանալ գնացքի համարը և այդ անպիտան կոնդուկտորի անունը հարցնել մեկից։ Ես իսկույն հեռագիր կկազմեմ։
Եվ, ծոցից դուրս բերելով հուշատետրը, ինչ-որ գրեց այնտեղ, արտասանելով,— հանդո՛ւգն, լի՛րբ, անասո՛ւն...
Այսպիսով, բավականաչափ զգալ տալով նորեկներին իր ընկերական դիրքի բարձրությունը (երկաթուղու կառավարչի հետ մտերիմ բարեկամ լինելը և հենց երեկ կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելը) նա պառկեց մեջքի վրա և սկսեց ինչ-որ կտոր երգել «Գեյշա» օպերետից։
Երբ բոլորովին հանգստացավ, դարձյալ գլուխը բարձրացրեց, նստեց և նորեկներին հարցրեց.
— Ո՞րտեղ եք բարեհաճում գնալ։
— Եվլախ,— պատասխանեց երիտասարդ թուրքը։
— Երևի առևտրական գործերով։
— Մենք առևտրով չենք պարապում,— ասաց երիտասարդը մի տեսակ վիրավորված եղանակով։
— Հապա՞։
— Մենք կալվածատերեր ենք։
— Կալվածատերե՜ր,— գոչեց Ալթունովը, կարծես ուրախանալով,— ներեցեք. ձեր ազգանո՞ւնը։