Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բեքիխանով Ռահիմ-բեգ։

Եվ որպեսզի իր բեգությունը ապացուցանե, երիտասարդը մորթու գդակը քաշեց աչքերի վրա, ծոծրակը բանալով, և վիզը քորեց։

— Կարո՞ղ եմ իմանալ ձեր անունն ու ազգանունը,— դարձավ Ալթունվը ծերունի թուրքին, որ մինչև այդ լուռ էր։

— Ալլահյար-բեգ Մյուլքադարով,— պատասխանեց երիտասարդը ծերունու փոխարեն։

— Երևի գնում եք ձեր կալվածքները։

— Այո։

Ալթունովը շտապեց ուրախություն հայտնել, որ հանդիպեց իր «եղբայրակիցներին», վասնզի ինքն էլ կալվածատեր է։ Միևնույն ժամանակ, նա գրպանից դարս բերեց ոսկյա և ադամանդյա մենագրերով զարդարված արծաթյա տուփն ու ծխախոտ առաջարկեց։

— Ներեցեք, ձեր կալվածքը ո՞րտեղ է գտնվում,— հետաքրքրվեց երիտասարդ Ռահիմ-բեգ Բեքիխանովը, չհրաժարվելով ընդունել սիրալիր առաջարկված ծխախոտը։

— Բութայիսի նահանգում։

— Մե՞ծ է,— քորեց նա իր գլուխը:

— Այնքան էլ չէ, ութ հազար հինգ հարյուր դեսյատին. կեսը վարելահող, կեսը անտառ։ Իսկ ձերը։

— Իմը փոքր է, հազար դեսյատին, իսկ Ալլահյար-բեգ Մյուլքադարովինը մեծ է շատ մեծ։

— Է՛հ,— հառաչեց Ալթունովը,— մեծ, թե փոքր, ներկայումս կալվածները օգուտ չեն բերում։

Մանավանդ Վրաստանում։ Այդ «անհանգիստ» երկրի գյուղացիները միանգամայն երես են առել, հարկ չեն վճարում։ Ալլահը գիտե ինչ կլիներ Ալթունովի դրությունը, եթե չունենար մի չորս-հինգ տներ Թիֆլիսում և մի չորս հազար դեսյատինի չափ հող էլ Բեսարաբիայում։

— Ձեր տները մե՞ծ են,— հետաքրքրվեց Բեքիխանովը։

— Բավական։

— Թիֆլիսի ո՞ր փողոցների վրա են։

— Քուռի ձախ ափերում են, ճշմարիտն ասած, փողոցների անունները չգիտեմ։