Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օդի մեջ,— փող ենք տալիս, տոմսակ գնում, և հանկարծ տեղ չկա։ Աա՜, այդ ինչ կարգ ու կանոն է։

— Բայց դուք ոտքի վրա չեք մնալ, իշխան, հավատացեք, ոչ, չեք մնալ, զուր եք բարկանում։ Ահա այս կուպեում միայն երկու հոգի կա, ուրեմն, երկու ազատ տեղեր կան, կարող եք բռնել։

Իշխան կոչեցյալը մի վիթխարի տղամարդ էր ահագին քթով։ Հագած էր չերքեզի կապա լայն փեշերով ու լայն թևերով։ Ուսերի վրա ուներ չուխայից կարճ տառատոկ ոսկեթել ծոպերով։ Գլխին դրած էր անասելի մեծությամբ մի գդակ, որ նրան լեռնային ավազակի տեսք էր տալիս։

— Անկարգությո՛ւն, այլանդակսւթյո՛ւն, ուրիշ ոչինչ,— չէր հանգստանում իշխանը։

Մեջ մտավ Արկադիյ Մարկովիչ Ալթունովը, որ չէր դադարում ջախջախիչ հայացքներ ձգել հակառակորդ կոնդուկտորի վրա։

— Ձերդ պայծառափայլությունը միանգամայն իրավացի է զայրանում,— ասաց նա,— մի ժամ առաջ այդ միևնույն սուբյեկտը հանդգնեց ինձ էլ կոպիտ ու անվայել պատասխաններ տալ։ Ես այդ մասին արդեն գրել եմ երկաթուղու կառավարչին, որ, ի միջի այլոց ասած, իմ մտերիմ բարեկամն է և որի հետ դեռ երեկ ճաշում էի «Անոննա» ճաշարանում, մի քանի ուրիշ ժեներալների ընկերակցությամբ։

— Աա՜, դուք ո՞վ եք, թույլ տվեք հարցնել,— դարձավ նրան իշխանը։

— Արկադիյ Մարկովիչ Ալթունով։ Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարիչը շատ խստապահանջ է իր ստորադրյալների վերաբերմամբ, միևնույն ժամանակ, սիրալիր է իր բարեկամների հետ։ Հետևաբար, կասկած չունեմ, որ նա, ստանալով իմ նամակը իսկույն ևեթ գոհացում կտա ինձ, պաշտոնից ազատելով այդ կիսավայրենուն։

Ապա, դառնալով կոնդուկտորին, սպառնաց․

— Սպասեցե՛ք, սպասեցեք, շուտով կիմանաք, թե ով եմ ես։

Այս անգամ նրա սպառնալիքը ազդեց կոնդուկտորի վրա։