Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խեղճ մարդը ոչինչ չասաց։ Միայն, դառնալով իշխանին, մեղավոր տոնով հարցրեց․

— Ձերդ պայծառափայլություն, գո՞հ եք ձեր տեղով։

— Գոհ եմ, գոհ եմ, գնացեք։ Իրեղեններս տեղավորեցի՞ք։

— Ահա այստեղ են, մեկ, երկու, երեք։

— Լավ։ Բաչյց ո՞ւր կորավ բեռնակիրը, ես նրա վարձը չեմ տվել։

— Ձերդ պայծառափայլություն, երբ դուք սկսեցիք գոռալ, նա վախեցավ, իրեղենները թողեց ու փախավ։ Ես եմ ներս բերել։

— Փախավ, հա-հա-հա, փախավ,— քահ-քահ ծիծաղեց իշխանը բարձրաձայն, բաց անելով տերտերի գրպանի չափ բերանը և ցույց տալով սևացած ատամները։— Վախեցավ, որ ծեծեմ, հը՞։

— Այո։

— Եվ կծեծեի, ղմերթիմանի, կծեծեի։ Քեզ էլ կծեծեի, եթե տեղ չտայիր։ Դե՛հ, վերցրեք այս և տվեք բեռնակրին։

Սակայն, քսան կոպեկ ստանալով, կոնդուկտորը տատանվեց դուրս գալ կուպեից։

— Ձերդ պայծառափայլություն,— ասաց մի հաշտարար հայացք ձգելով Ալթունովի վրա։

— Հը՛, էլի ի՞նչ ես ուզում, կացո․․․

— Խնդրեմ միջնորդեք պարոն ճամփորդի մոտ, որ իմ մասին գանգատ չգրե կառավարչին կամ վարչությանը։ Ես գիտեմ, դեռ չի գրել, բայց կարող է գրել։ Ձերդ պայծառափայլություն, առանց այդ էլ ծառայողներիս դրությունը նախանձելի չէ։ Ընտանիքի տեր եմ, եթե հանկարծ զրկվեմ պաշտոնից, ո՞ւր պիտի գնամ։ Թող չգանգատվի։

Ալթունովի դեմքը փայլեց ներքին հաճույքից։

— Կացո՛, մի գրեք էլի, ի՞նչ է,— ասաց իշխանը, քիթը կնճռոտելով և ձեռքն օդի մեջ շարժելով։

— Եթե ձերդ պայծառափայլությունը խնդրում է, կարող եմ ներել․․․

— Խնդրում եմ, կացո՛, խնդրում եմ, վա՜...

— Թողեք ինձնից ներողություն խնդրե...