Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերարկու առանց աստառի, լայն թևերով։ Մի ձեռին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին՝ անկազմ գրքույկներ և տեղական լրագրերի համարները:

— Իմ ընկերներն են,— ասաց Լևոնը, անմիջապես ծանոթացնելով ինձ նրանց հետ։— Բանաստեղծ Չաուշենկո, Իցկո Մարգուլիս։

Ես հաճույքով սեղմեցի երկուսի էլ ձեռը։

— Չաուշենկոն սիրում է մարդկանց հետ ծանոթանալ յուր երկերի միջոցով,— ասաց լայն վերարկու հագած երիտասարդը, որ ինքն բանաստեղծն էր։

Եվ անմիջապես, գրքույկներից մեկը պահելով քթիս առջև, հարցրեց.

— Չէի՞ք կամենալ արդյոք մի օրինակ վերցնել։

— Հաճույքով։

Գրքույկի վերնագիրն էր, Часы горя и страданий; стихотворения Леонида Николаевича Чаушенко.

— Դուք գուցե զարմանաք, մոսյո,— ասաց նա, դնելով վարտիքի գրպանը գրքույկի արժեքը,— որ ես, այսպես ասած, հանդգնեցի կապել ձեր վզին իմ երկը։ Բայց մի՛ վրդովվեք, մարդիկ իրանց խիղճն են ծախում, Չաուշենկոն՝ յուր երկերը։ Նախկին գրաշար եմ։ Ինքս գրում եմ, ինքս շարում, ինքս տպում, ինքս վաճառում, ինքս էլ ուտում իմ սրտի արյան վաստակը...

— Իսկ ես նախկին և ներկա ջհուդիկ եմ,— ընդհատեց բանաստեղծի խոսքը Իցկո Մարգուլիս կոչված պատանին,— երբեմն լրագիրներ եմ ծախում, երբեմն էլ թատրոններում ծառայում։ Նեղ տեղն ընկնելիս փողոցներում կոշիկներ եմ սրբում։

— Երևակայում է իրան ապագա Ռուբինշտեյն, — հեգնեց Չաուշենկոն։

— Ա՛խ, պարոն, արդյոք դուք երաժշտության ուսուցի՞չ եք։ Ո՞չ։ Ափսո՛ս։ Ես կկամենայի ձեզանից դաշնամուրի վրա դասեր վերցնել։ Ծիծաղի՛ր, Չաուշենկո, բայց էլի ե՛ս պիտի քո Часы горя и страданий երաժշտության վերածեմ։ Դե լա՛վ, գավազանդ մի՛ ցույց տուր, ես երկչոտ ջհուդներից