Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ադամանդյա մենագրերով զարդարված արծաթե ծխախոտատուփը այնպես, որ հրեաները տեսնեն։

Հայտնի է, որ հրեաները ճամփորդության ժամանակ տանել չեն կարող լռակյաց ուղեկիցներին և ընդունակ են անգլիացիներին անգամ շատախոս դարձնելու։

— Ինչպես երևում է, Թիֆլիսիցն եք գալիս,— դիմեց ինձ շիկահեր հրեան։

Եվ, բավարար պատասխան ստանալով, նա դարձավ Ալթունովին։

— Դուք նո՞ւյնպես։

Հայրենակիցս իսկույն ևեթ կակղեց և խզեց իր լռությունը։ Եվ սկսվեց: Մի ժամ չանցած նա արդեն բարեկամացել էր երկու տարբեր տիպերի հետ։

Մասնավորից սկսելով, Ալթունովն անցավ հասարակական խնդիրներին։ Թողնելով հասարակականը, վազեց դեպի քաղաքականը, այնտեղից դեպի՝ կրոնականը։ Որոնեց, գտավ և որոշեց նախաքրիստոնեական եբրայեցիների կատարած հսկայական դերը պատմության մեջ, հատկացնելով այդ դերին ամենափայլուն էջեր։ Աստվածաշունչը համարելով գիրք գրոց, Թալմուդը դրեց ավետարանի կողքին ու երկուսին էլ հավասար երկրպագեց։ Չլինեին նրանք, կռապաշտությունը պիտի թագավորեր մինչև այժմ ամենուրեք և նրա հետ միասին բարբարոսությունը։

Բաց թողնելով պատմության օձիքը, Ալթունովն անցավ դեպի ներկան և մի քանի թեթև վերապահումներով դարձյալ հրեաներին նստեցրեց ազգերի գլխին։ Ինչ ուզում են թող ասեն օբսկուրանտները, ոչ գիտություն, ոչ ճարտարվեստ, ոչ արդյունաբերություն, ոչ առևտուր, ոչ արվեստներ, ոչ գրականություն և ոչ նույնիսկ բարոյականություն չեն կարող գոյություն ունենալ առանց հրեաների։ Նրանք են ամենախելոք, ամենաաշխատասեր, ամենատաղանդավոր ամենա․․․ և այլն, և այլն, և այլն ազգը։ Դա մի սովորական ազգ չէ, այլ մարմնացած հանճարը մարդկության, այսպես ասած, նրա մտավոր կվինտ էսենցիան։ Սուտ է, թե հրեաները հարստահարիչներ են, վաշխառուներ և այլն։ Դա թուլամորթների նախանձի արդյունք է․․․ Սուտ է, թե նրանք մաքրասեր