Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերադարձանք կուպե, և այլևս խոսք չեղավ Ալթունովի ութ հազար դեսյատին կալվածքի մասին:

Այս անգամ Ալթունովը բարձրացավ կուպեի վերին մասը, իր տեղը սիրալիր զիջելով իշխանին։ Շատ չանցած լսվեց նրա անդորր խռմփոցը։ Նա քնեց, չնայելով, որ քունը համարում էր «կես մահ»․․․

Իշխանը պառկեց, փաթաթվեց տառատոկի մեջ և նույնպես խռմփացրեց միայն ոչ Ալթունովի պես հանդարտ, այլ անասելի աղմուկով։

Զարթնեցին ուղեկիցներս առավոտյան այն ժամանակ, երբ գնացքն արդեն Բաքու էր հասել։ Իշխանը մեզ ողջերթ մաղթեց և դուրս եկավ վագոնից։

— Մնաք բարով, իշխան, մնաք բարով,— գոչեց Ալթունովը նրա ետևից,— հույսով եմ, որ մեր բարեկամությունը հաստատ կլինի։ Օ՛հ,— դարձավ նա ինձ անմիջապես,— վերջապես ազատվեցինք այդ տխմարի ընկերությունից։ Ա՛յ ստախոս։ Ասում է կալվածք ունիմ Քութայիսի նահանգում։ Ես Մերկվելիձե անունով կալվածատեր չեմ ճանաչում։ Արժե՞ր վիճաբանել այդ ստախոսի հետ։

Բայց ինձ համար արդեն պարզ էր, թե որն է նրանցից ստախոսը։

Երբ գնացքը նորեն շարժվեց, մեր կուպեում երևացին երկու հրեական միմյանցից խիստ տարբեր տիպեր — մեկը հին, մյուսը նոր։ Մեկը նիհար էր, կուրծքը ներս ընկած, արծվաքիթ, խիստ թանձր և խիստ սև մազերով։ Նրա մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և վերջանում էր չգիտեմ ուր։ Մյուսը գեր էր, առողջ կրծքով, կարմիր երեսով, շեկ մազերով, սպիտակ, ինչպես պինդ խաշած ձու։

Ալթունովը մի արհամարհական հայացք ձգեց նորեկներրի վրա, իհարկե, գաղտնի, և ասաց ինձ հայերեն։

— Հիմա էլ Իսրայելի զավակների ձեռքն ընկանք։ Թյու, դրանց հետ չեմ խոսելու։— Եվ իրավ, մոտ կես ժամ նա իրան պահեց ինչպես անմատչելի դալայլամա, հազիվ ինձ ևս մի քանի հատուկտոր խոսքեր ուղղելով։ Միայն չմոռացավ այդ կարճ միջոցում չորս անգամ գրպանից դուրս բերել ոսկյա և