Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր հոգու ամբողջ զորությամբ։ Ատում էր ոչ նրանց խորհուրդը, այլ այն բոլորը, որ մարդիկ կապել էին այդ տոների հետ — արտաքո կարգի ծախքեր, որ պարտավորական են թե հարստի և թե աղքատի համար։

Ահա չորրորդ անգամն է Գալուստը տարվա միևնույն միջոցին տանջվում է ավելի քան իր երեսուն ու հնգամյա կյանքի ընթացքում։

Նոր տարին մի կերպ անցավ, բայց ծնունդն ու մկրտությունը մնում են. մի՞թե այս անգամ էլ նա չպիտի կարողանա կատարել իր խոստումը — գնել իր մի հատիկ Ակոյի համար տոնածառ և զարդարել ու լուսավորել այնպես, ինչպես անում են բոլոր հայրերն իրենց զավակների համար՝ հենց այս ահագին տան մեջ, որի ներքնահարկում նա ապրում էր խլուրդի պես։

Ո՛չ, այս տարի էլ խաբել երեխային նա չի ուզում և չի կարող։ Դեռ մի ամիս առաջ Ակոն նրան հիշեցրեց.

— Հայրիկ, տոնածառը չմոռանաս, լավը, մեծը...

Եվ հետո ավելացրեց.

— Ես ուզում եմ, որ շաքարի գառնուկներ էլ լինեն, թմբուկ էլ, սուլիչ էլ...

— Լա՛վ, Ակո ջան, այս տարի տոնածառ կունենաս, անպատճառ կունենաս։

— Անպատճա՛ռ,— կրկնեց Գալուստի կինը դառը հեգնությամբ,— երեք տարի է խաբել ես, այդ էլ կլինի չորրորդը։ Գոնե մի՛ խոստանար։

Դյուրին է ասել «մի խոստանար»: Կարելի՞ է մերժել այդ անմեղ աչքերին։ Նրանք այնպիսի հավատով են նայում նրան։ Այդ փոքրիկ, ճերմակ ձեռքերին։ Նրանք այնպիսի գգվանքով են փաթաթվում նրա կոշտ պարանոցին։

Բայց ինչպե՞ս։ Անցյալ ամիսների աշխատավարձը ստացել է և արդեն ծախսել, մնում են մի քանի ռուբլիներ։

— Հուրիկ, թաթախման երեկո ձուկ հարկավո՞ր է։

— Դե, իհարկե, հարկավոր է, ի՞նչ հարցնելու բան է։

— Ուզում եմ ասել, որ ձուկն այս տարի թանկ է, կրակի գին։

— Թանկ է, թե էժան՝ պետք է առնել, օրենք է․․․