Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ մի ռուբլի. յուղ, բրինձ, ածուխ, այդ էլ ամենաքիչը մի ռուբլի։ Տերտերն էլ գալու է, իհարկե։

— Տերտերն էլ, տիրացուն էլ։

— Պրծավ։ Գրպանումս մնացել է ուղիղ երեք ռուբլի։ Հերիք է։

Ոչ, պետք է ուրիշ միջոց գտնել, ձուկն էլ անհրաժեշտ է, տերտերն էլ... Մեծ բան չի պահանջվում, դարձյալ մի երեք-չորս ռուբլի։ Գալուստը գիտե որտեղ գնել էժան զարդարանք տոնածառի համար։ Ամեն օր նա երկու անգամ անցնում է մեծ հրապարակի վրա գտնվող փայտյա խանութների մոտով։ Արդեն նա իր մտքում ընտրել է բոլորը, ինչ որ պահանջում է Ակոն։ Ավելի՛։ Արդեն նա ծառը զարդարել է իր ձեռքով և լուսավորել գույնզգույն մոմերով ու լապտերներով։ Ակոն ուրախ-ուրախ թռչկոտում է ծառի շուրջը, ծափ տալով, պարելով, երգելով։ Ինչպե՜ս են վառվել նրա սևորակ աչքերը, ինչպե՜ս են կարմրել նրա գունատ այտերը, ինչպե՜ս է նրա տափակ կուրծքն ուժգին բարձրանում ու իջնում։

Գալուստը սիրտ առավ կառավարչի օգնականից խնդրելու առաջիկա շաբաթվա վարձը։

— Ի՞նչ,— գոչեց օգնականը ծիծաղելով,— չկատարած աշխատանքի վա՞րձ։ Այդ ո՞րտեղ է տեսնված։

— Բայց կկատարեմ այդ գործը։

— Ոչ, եթե քեզ տամ, մյուսներն էլ կպահանջեն։ Գնա գործիդ, առանց այդ էլ վերջերս դուք՝ բանվորներդ, շատ եք երես առել։

— Բայց տոնածա՞ռը, Ակոն մաշվում է,— ասաց մտքում Գալուստը և գլուխը կրծքին թեքելով, դուրս եկավ գրասենյակից։

Հուսահատությունը պաշարել էր նրան։ Նա տեսնում էր, որ այս անգամ էլ պետք է խաբի Ակոյին։ Իսկ այդ ավելի դժվար է, քան առաջ, որովհետև Ակոն վեց տարեկան էր։ Արդեն փոքրիկը մի տեսակ կասկածով ու թերահավատությամբ է նայում իր հոր երեսին և էլ առաջվա պես չի թախանձում։

Այն օրը մանուկը, հորը ճանապարհ դնելով, ասաց.

— Եթե այսօր էլ չբերես, էլ քո խոսքին չեմ հավատալու։

Գալուստը շուռ դուրս եկավ և գնաց գործի։ Երբեք նա այնքան