Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալոն ոչինչ չասաց։ Աջ ու ձախ նայելով, կապոցը դրեց վար և նայեց խանութպանի երեսին։

— Այդ ի՞նչ է։

— Կռան,— պատասխանեց Գալոն,— ճանապարհի վրա ընկած էր, վերցրի։ Թող քեզ մոտ մնա, Մարուք ջան, էգուց կիմանանք ով է տերը, իրեն կտանք։

— Գտել ես, հա՜ա՜,— արտասանեց Մարուքը մի տեսակ նենգությամբ,— է՛հ, փառք աստծու, որ վերջապես դու էլ մի բան գտար։ Ընկերներիդ շատերը շաբաթ չի անցնում, որ մի բան չգտնեն․ թող մնա — կաշխատենք տիրոջը գտնել։

Գալոն ոչինչ չասաց, բայց հասկացավ, որ խանութպանը գուշակել է իր սուտը։ Նա երեսը դարձրեց դուրս գնալու։

— Սպասիր, ա մարդ, ո՞ւր ես վազում,— կանչեց նրան խանութպանը։

Գալոն կանգ առավ։

Խանութպանը բաց արավ դրամարկղը և, այնտեղից դուրս բերելով երեք ռուբլի, առաջարկեց Գալոյին։

— Վերցրու,— ասաց նա։

— Ինչո՞ւ համար։

— Վերցրո՛ւ, փող է, հող չէ։

Գալոն նայեց թղթադրամին, ապա Մարուքի երեսին և վիզը քորեց։

— Վերցրո՛ւ, նազ մի արա, քեզ համար է նորություն, ես սովոր եմ։ Դուքանիս ետևում էլի կա դրանցից մի քանիսը․ ընկերներդ են բերել։ Ես բոլորի տերերին պետք է գտնեմ և, հե-հե-հե, պիտի տամ իրենց։ Քո կռանի տիրոջն էլ կգտնեմ, միամիտ կաց, հե-հե-հե, քոնը երեք մանեթից ավելի չարժե։ Վերցրու։ Դե լավ, էս էլ քեզ մի մանեթ, եղավ չորս։ Որ սպանես էլ ավելի տալ չեմ կարող։ Ես գիտեմ, որտեղ ես գտել։ Կառավարչին էլ եմ ճանաչում, օգնականին էլ, հասկանո՞ւմ ես ինչ եմ ուզում ասել։ Վերցրու․ քրիստոսի առեք կերեքը վկա, ավելի չարժե․․․

Գալոն առանց մի բառ արտասանելու, խլեց խանութպանի ձեռքից դրամը և, չուխան հագնելով, դուրս գնաց։

Նա վազեց շուկա։ Դրամն այրում էր նրա ձեռը, շտապեց ազատվել նրանից։ Նա գնեց բոլորը, ինչ որ հարկավոր էր