Ակոյի համար։ Ավելացան մի քանի տասնյակ կոպեկներ։ Գալոն մտավ գինետուն, իրարու ետևից խմեց չորս բաժակ օղի, առաջին անգամ իր կյանքում։ Զվարթացավ և շտապեց տուն Ակոյին էլ զվարթացնելու։
Տոնածառը դուրս եկավ հրաշալի մի բան, մինչև անգամ ավելի լավ, քան մի քանի հարուստ տներում։ Գոնե այդպես ասացին հարևան կանայք։
Ակոն երջանիկ էր, Ակոն ուրախությունից ոտների տակ երկիր չէր զգում։
Ուրախ էր Ակոյի մայրը, նա շարունակ կրկնում էր.
— Ա՛հ, վերջապես, վերջապես։
Բայց ի՞նչ պատահեց Գալոյին։ Ահա երեք օր է նա դարձել է անճանաչելի։ Ծննդյան երեկոն նա անցկացրեց տխուր, մկրտության օրը նույնպես, հետևյալ օրը դարձյալ։ Նա մեծ մասամբ, նստած խոնավ սենյակի մութ անկյունում, լուռ նայում էր մերթ տոնածառին, մերթ Ակոյին, մերթ հատակի մի կետին և գլուխը տարօրինակ շարժում։ Կնոջ հարցերին պատասխանում էր մութ բառերով և ձեռքերի անորոշ շարժումներով։ Ակոյի երախտագետ համբույրներին պատասխանում էր ծանր հառաչանքներով, մինչև անգամ մի տեսակ սառնությամբ։ Մի երկու անգամ նա փոքրիկին իրենից հրեց անսովոր կոպտությամբ։ Մի անգամ էլ կնոջը հայհոյեց— չտեսնված բան։
Տոներն անցան, բայց տոնածառը դեռ ցցված էր սենյակի մեջտեղում։
— Հերիք է, վերցրու, դեն կորցրու,— ասաց Գալոն կնոջն այն առավոտ, երբ տոներից հետո աշխատանքը գործարանում սկսվել էր։
— Չէ՛, մայրիկ, թող մնա, թող մնա,— աղերսեց Ակոն։
— Պահիր ինչքան ուզում ես, բայց ես չտեսնեմ, չտեսնեմ։
Նա շտապեց գործարան։ Ամբողջ օրը նա ինքն իրենը չէր, աշխատում էր արբածի պես։
— Գալո, մուրճդ զգույշ բանեցրու,— կրկնում էր վարպետը շարունակ։
— Զգույշ եմ։
Բայց նա զգույշ չէր։ Երկու անգամ նա զարկելու հերթը