Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և շրջապատեցին կառավարչի օգնականին, որ գոռում էր․

— Շո՛ւտ, ամենքդ ժողովվեցե՛ք, իսկույն կգա։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել,— հարցրեց Գալոյի վարպետը։

— Գողություն,— պատասխանեց մեկը,— կռան են գողացել գործարանից։ Կառավարիչը գալիս է քննություն կատարելու։

Գալոն գունատվեց։ Մուրճը ձեռում նա դանդաղ քայլերով մոտեցավ խմբվածներին։

Եկավ կառավարիչը գործակատարներով ու պահապաններով շրջապատված։

Տիրեց ընդհանուր լռություն։ Բանվորների կոշտ ու մրոտ դեմքերն արտահայտեցին խորին լրջություն։ Նրանք նայում էին իրարու երեսին հետաքրքրված, երկյուղով։

Գողությո՞ւն, ներկա կառավարչի օրերո՞վ, երբ գողությունը հայտարարված է սպանության հավասար ոճիր։ Ո՞վ պիտի լինի դժբախտը, որ ինքն իրեն կործանում է։

Կառավարիչն ասաց.

— Լսեցեք. գործարանի բակից գողացված է մի մեծ, արժեքավոր կռան։ Թե երբ, հայտնի չէ։ Այս պատճառով ես պահապաններին կենթարկեմ տուգանքի։ Բայց որ գողացողը ձեզնից մեկն է — այս ես հաստատ գիտեմ։ Դե՛հ, թող առաջ գա մեղավորը և գողությունը խոստովանի։ Ես նրան ոստիկանության չեմ հանձնիլ և բանտ չեմ նստացնիլ։ Ես կարձակեմ առանց հետևանքների։ Լսո՞ւմ եք։

Նորեն տիրեց լռություն, նորեն բանվորները նայեցին իրարու երեսին։ Ապա սկսեցին շշուկներ, ենթադրություններ, փոխադարձ կասկածներ։ Կասկածեցին ամենքին, բացի մի քանիսից, որոնց թվում էր Գալոն։ Նրա շիտակությունը հայտնի էր ամենքին։ Ոչ ոք չհիշեց նրա անունը, ոչ ոք չնայեց նրա երեսին։ Իսկ նա կանգնած էր խմբից մի փոքր հեռու, մեն-մենակ, գունատ, աչքերը գետնին հառած։ Նրա շրթունքները դողում էին, լայն կուրծքը ուժգին բարձրանում էր ու իջնում։

Կառավարիչը, մի քանի վայրկյան սպասելուց հետո, շարունակեց.

— Դուք լռո՞ւմ եք, ոչինչ չե՞ք ասում։ Դուք չե՞ք ուզում