մատնել ձեր ընկերոջը։ Օգնական, հեռախոսով կանչեցեք պրիստավին և խնդրեցեք, որ հետ ոստիկանական շուն բերի։ Շունը դրանցից ազնիվ է, նա կգտնի գողին։ Պահապաններ, ինչո՞ւ չեք խոսում։ Ո՞ւմ եք կասկածում, ասացեք։
— Սիմոնին, Ավետանց Սիմոնին,— ասացին պահապանները միաձայն։
Բանվորները հառաչեցին․ թեթևություն զգալով։ Չէ՞ որ կասկած կարող էր ընկնել նրանցից յուրաքանչյուրի վրա։
Մի քանիսը, որոնց վրա անցյալում մեղքեր կային, ասացին։
— Այո՛, Սիմոնը հայտնի է, անկասկած նա է գողացել։
Առաջ եկավ մի նիհար, կուրծքը ներս ընկած երիտասարդ։
— Դո՞ւ ես Սիմոնը,— հարցրեց կառավարիչը։
— Հրամանքս։
— Դո՞ւ ես գողացել կռանը։
— Չէ, աղա, ես գող չեմ։
— Այդ կտեսնենք. պահապաններ տարեք դրան, պահեցեք մի տեղ, ես իսկույն պրիստավին կկանչեմ հեռախոսով։
Պահապանները բռնեցին Սիմոնի թևերից։
— Թողեք ինձ, թո՛ղեք, ես գող չեմ,— պաշտպանվում էր բանվորը։
— Շունը կասե գող ես, թե չէ,— ծիծաղեցին ոմանք։
— Դե՛հ, ցրվեցե՛ք ձեր գործին,— հրամայեց օգնականը և հետևեց կառավարչին, որ գողին գտած համարելով, դիմեց դեպի արհեստանոցի դռները։
Հանկարծ Գալոն, որ մինչև այդ վայրկյան լուռ ու անշարժ կանգնած էր, գոռաց.
— Տղե՛րք, ասացեք կառավարչին, որ սպասե։
Կառավարիչը կանգ առավ։ Ամբոխը նորեն խմբվեց։
Գալոն հանդարտ քայլերով մոտեցավ կառավարչին և գդակը վերցրեց։
— Կռանը ես եմ գողացել,— ասաց նա անհողդողդ ձայնով։— Սիմոնին բաց թողեցեք, նա անմեղ է։
Ամենքը զարմացան։
— Նա գժվել է, նա հարբած է, տելին է տալիս,— լսվեցին այս ու այն կողմից։