— Դո՞ւ,— զարմացավ կառավարիչը։
— Այո՛, ես,— կրկնեց Գալոն։
— Այդ անհավատալի է,— ասաց օգնականը։
— Սուտ է ասում Գալոն, նա չի գողացել։ Նա ազնիվ մարդ է,— լսվեց շատերի բերնից։
— Գալոն ազնիվ էր, տոնածառը նրան գող շինեց,— պատասխանեց Գալոն։
— Տոնածա՞ռը, ի՞նչ է ասում, պարզ խոսիր,— գոչեց կառավարիչը։
— Ես ասում եմ, կռանը ես եմ գողացել։ Մարդ ուղարկեցեք մանրավաճառ Մարուքին հարցնելու։
Կառավարիչը հրամայեց Սիմոնին ազատ թողնել։
Պահապանները մոտեցան Գալոյին։
— Հարկավոր չէ ինձ բռնել,— ասաց Գալոն,— ես ինքս կանեմ, ինչ-որ հարկավոր է։
— Եկ գրասենյակ, ես կկարգադրեմ,— հրամայեց կառավարիչը։
Գալոն հետևեց նրան։
Նույն երեկո նրան արձակեցին առաջին քննությունից հետո։ Կառավարիչը խնայեց նրա ընտանեկան կացությունը, բայց գործից զրկեց։
Հինգ օր անցած Գալոյի կապտած դիակը գտան ծովի ափին, ավազների մեջ։