Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեր հայր, այդ ուսանողը ձեր ազգակա՞նն է։

— Քրոջս որդին է։

— Տեր հայր, ցավում եմ, որ ձեր քրոջ որդին է։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ես սկզբունքով ուսանողներին չեմ օգնում։

— Այդ ի՞նչ սկզբունք է։

— Երախտամոռներին պատմելու սկզբունք։ Գիտեք, տեր հայր, ես երախտամոռությունը համարում եմ մեծ անազնվություն։ Իսկ հայ ուսանողներն երախտամոռ են։ Նրանք հենց որ ավարտում են իրենց ուսումը, իսկույն մոռանում են իրենց բարերարներին։

— Բայց, պարոն Բաղդասար․․․

— Ո՛չ, ո՛չ, մի վիճեք, տեր հայր, ես իմ սկզբունքը խախտել չեմ կարող։ Իմ ասածն ասած է։ Խնդրեցեք ում համար և ինչի համար կամենաք, բայց ոչ ուսանողների։

— Ներողություն, պ․ Բաղդասար, ես ձեր սկզբունքը չգիտեի։ Մնացեք բարով։

Հոգևոր հայրը գնալուց հետո պ. Բաղդասարը ուրախացավ, որ քսակի բերանը չբացարավ։ Բայց հետո մտածեց, որ չափազանցություն արավ բոլոր ուսանողներին երախտամոռ համարելով։ Եվ իսկույն հիշեց իր երախտագիտությունը իր բարերարի վերաբերմամբ։ Այդ բարերարը նրա հորեղբայրն էր, որի պատանը վաղուց էր մաշվել։ Հանգուցյալը խնամել էր նրան, մեծացրել, հետո ընկերացրել իր գործերին։

— Իսկ ես ի՞նչ արի նրա որդկերանց։ Զրկեցի իրանց բաժնից։

Եվ պ․ Բաղդասարը իր անցյալի վրա նորից վարագույր գցեց։

Մի շաբաթ անցած՝ եկավ մի ուրիշ այցելու։ Այս անգամ աշխարհական։

— Պարոն Բաղդասար, դուք շատ լավ գիտեք՝ ինչ ասել է մամուլ, դուք մեր վաղեմի բաժանորդն եք և մեր գաղափարակիցը։ Մեր 25-ամյա լրագիրը, որ այնքան ծառայություններ է մատուցել ազգին, այսօր տպարանին վճարել չի կարողանում։ Տվեք գոնե մի հազար ռուբլի, փրկեցեք ձեր սիրած լրագիրը փակվելու վտանգից։