Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսում էր լուռ, առանց մի բառ արտասանելու, միայն բարկանալով, երբ Մարուքը այս կամ այն պատճառով ընդհատում էր ընթերցումը։

Մայրը նկատում էր, որ քանի իր զավակները շատ են կարդում պատերազմական հերոսությունների մասին, այնքան ավելի լուռ ու մտազբաղ են դառնում։ Հոգու խորքում զգում էր, որ այդ բոլորը վերջ ի վերջո նրա գլխին մի փորձանք են բերելու։ Բայց չէր բողոքում, վասնզի ինքն էլ արդեն հափշտակվել էր պատերազմի նկարագրություններով։

Մի երեկո Մարուքը, տուն վերադառնալով, հայտնեց մորն ու եղբորը, թե վճռել է մի քանի ընկերների հետ գնալ պատերազմի դաշտը իբրև կամավոր։

Մայրը նախ ցնցվեց, ապա սկսեց լաց լինել, այնուհետև աղերսեց, որ Մարուքը այդ տեսակ հիմարություն չանե և հանգիստ տանը նստե։ Ոչինչ չօգնեց։ Մարուքը պնդեց, թե պետք է անպատճառ գնա, թե ոչ ոք և ոչինչ չէ կարող նրան հետ կանգնեցնել իր վճռից։

— Դու չես գնալ պատերազմ,— ասաց հանկարծ Սարուկը, որ երկար ժամանակ լուռ էր։

— Ինչո՞ւ,— հարցրեց Մարուքը հեգնական ժպիտով։

— Որովհետև ես եմ վճռել գնալու։ Քեզանից շատ առաջ։

— Ուրեմն դուք ուզում եք ինձ կենդանի-կենդանի գերեզման ուղարկել,— գոչեց խեղճ այրին հուսահատությամբ։

Մարուքն աշխատեց համոզել Սարուկին թողնել իր «երեխայական» մտադրությունը, քանի որ ինքն արդեն պայմանավորվել է իր ընկերների հետ։ Սարուկն ընդդիմացավ, ասելով, որ ինքն արդեն գրվել է «ուր հարկն է»։

— Ոչ մեկին ձեզանից չեմ թողնի գնալու,— գոչեց այրին,— ոչ մեկին։ Որ խեղդեք, սպանեք, չեմ թողնի։

— Ես պետք է գնամ,— գոչեց Մարուքը դրականորեն։

— Ես էլ պետք է գնամ,— գոչեց Սարուկն ավելի դրականորեն։

Թախանձանք, աղերսանք, արցունք, սպառնալիք հուսահատ մոր կողմից — ոչինչ չազդեց ոչ մի և ոչ մյուս զավակի վյրա։ Այն ժամանակ այրին ճարահատյալ համաձայնվեց մեկին թույլ տալ գնալու, մյուսին՝ ոչ։