Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այրին հազիվ զսպեց իրեն՝ որպեսզի չճչա օձից խայթվածի պես։

Բոցերը բաժանվեցին երկու հավասար մասերի և նրանց դեղնագույն լեզվակները սողալով վեր, փաթաթվեցին Մարուքի և Սարուկի մատներին օղակների պես։

Առաջին վայրկյանին երկուսն էլ ժպտացին այն տարօրինակ ժպիտով, որ հատուկ էր կախաղանից չերկնչող դատապարտյալին։ Նրանք իրենց սևորակ աչքերը հառեցին միմյանց երեսին, որպես իրարու վրա հարձակվելու պատրաստ վագրեր։ Ապա նրանց դեմքերն ստացան լուրջ, խորհրդավոր արտահայտություն։

Սկզբում նրանց մատները սևացան մուրից, ապա կամաց-կամաց սկսեցին կարմրել։ Երկուսի դեմքերն էլ գունատվեցին, որովհետև ցավն արդեն զգալի էր։

Մայրը նայում էր լուռ, անշարժ՝ ինչպես արձան, գունատ՝ ինչպես դիակ։

Սոսկալի էր նայել խորին լռության մեջ անշուք սենյակի կիսախավարի մեջ այդ երեք կերպարանքներին, որոնց անշարժությունը լռության հետ ուրվականների տպավորություն էին գործում։

Զավակները գերբնական ճիգն էին անում խեղդելու իրենց մարմնավոր ցավը, մայրը ճգնում էր զսպելով հոգեկան տանջանքը։

Հանկարծ լսվեց մի սուր ճիչ, և այրիի անշունչ դիակը փռվեց հատակի վրա։

Սարուկը անշարժ էր, նրա աչքերը շարունակ հառած էին եղբոր երեսին։

— Բավական է,— գոչեց Մարուքը, ետ քաշելով բոցից սևացած, կարմրած մատները, որոնց միսն արդեն խորովվել էր,— դու ինձ հաղթեցիր։

Եվ նա սկսեց ուշքի բերել մորը։

Մյուս օրը նա համբուրելով Սարուկին ճանապարհ դրեց դեպի պատերազմ։