Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվեն զենքերով, որովհետև երկուսն էլ արդեն մի-մի ռևոլվեր էին ձեռք բերել։

— Չէ,— ասաց նա,— ես այստեղից չեմ հեռանա։ Ինչ որ անելու եք, իմ մոտ արեք։

— Կարելի է,— համաձայնվեց Մարուքը,— բայց հաստատ խոսք տուր, որ զահլես չես տանի քո լաց ու կոծով կամ գոռում-գոչյուններով։

— Ուրեմն, դուք պիտի...

— Ո՛չ, մի՛ վախենար, չենք կռվելու։ Խոսք տալի՞ս ես, որ կհամբերես մինչև վերջը։

— Լավ։

— Տես, չխաբես, մայրիկ, պատվի խնդիր կա մեջտեղ։ Դու ես լինելու մեր դատավորը։

— Լավ։

Մարուքը վառեց երկու մոմ և դրեց սեղանի վրա։ Ապա դառնալով եղբորն ասաց.

— Լսի՛ր, երբ ես կասեմ «մեկ, երկու, երեք» ձախ ձեռիդ ձագ և անանուն մատներն իսկույն կբռնես այդ մոմի բոցի վրա։ Ուղիղ բոցի վրա, լսո՞ւմ ես։ Ես իմ մատները կբռնեմ ահա այս մոմի բոցի վրա։ Թող այրեն մեր մատները և ով ավելի թույլ գտնվի կամ ետ քաշելով մատները կամ նույնիսկ որևէ խոսքով կամ հնչյունով, ախ ու վախով արտահայտի իր ցավը, նա մնա տանը, իսկ մյուսը գնա պատերազմ։ Համաձա՞յն ես։

— Համաձայն եմ,— գոչեց Սարուկն ուրախանալով, վերջապես, որ խնդիրը լուծվում է։

— Աման,— աղաղակեց մայրը, ոտքի թռչելով,— մի՛ արեք այդ գժությունը, ես այդ չեմ թողնի։

— Մայրիկ,— գռռաց Մարուքը,— տեսնո՞ւմ ես այդ ռևոլվերը։ Լռիր ու տեղդ նստիր։

Այրին գունատ, դողալով նստեց իր տեղը։

— Սկսում եմ,— ասաց Մարուքը հանդիսավոր,— մեկ երկու, երեք...

Անմիջապես երկու եղբայրների ձախ ձեռքերի ձագ և անանուն մատները բարձրացան բոցերի վրա: