Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասում էին, որ Մարջանը կողոպուտով չի պարապում։ Եվ ոչ ոք չէր վիճում այդ մասին։ Պատմում էին, որ մի օր նրա ընկերներից մեկը ակնարկում է. թե վատ չէր լինի մի քիչ «կթել» հարուստներին, Մարջանը կատաղում է ու գոռում.

— Գողություն անողները վախկոտներն են։ Մեր սուրը չպիտի ապականենք փողի համար։

Ասում էին նաև, որ Մարջանը միայն Դավթի համար է դավաճանում իր օրինական մարդուն։ Այդ մասին էլ ոչ ոք չէր վիճում։ Ամբողջ քաղաքն էր խոսում, որ մի անգամ մի հարուստ և երիտասարդ կալվածատեր, հույսը դնելով իր բազմաթիվ ծառաների վրա, հանդգնում է Մարջանին մի ստոր առաջարկություն անել։ Մարջանը չի կատաղում, չի վրդովվում անգամ։ Նա միայն ասում է.

— Խոսքդ միտդ պահիր։

Երեք օր անցած՝ նա մի երեկո, նախքան ընկերներին հայտնելը, մեն-մենակ դիմում է դեպի կալվածատիրոջ տունը և դռները ծեծում։ Դուրս է գալիս ծառաներից մեկը։ Մարջանը հրամայում է նրան դուրս կանչել իր տիրոջը, ասելով, որ ինքը անհամբեր սպասում է նրան։ Կալվածատերն ուրախ-ուրախ դուրս է գալիս փողոց, կարծելով, որ Մարջանը եկել է նրան իր մոտ հրավիրելու։

Մարջանը առանց մի խոսք ասելու դուրս է բերում յափունջիի տակից մի մտրակ և սկսում է նրանով ծեծել կալվածատիրոջը, զարկելով երեսին, գլխին ու ուսերին։ Անմիջապես վազում են ծառաները իրենց տիրոջ գոռոցների վրա։ Մարջանը մտրակը դնելով արծաթյա քամարի տակ, մերկացանում է դաշույնը, երկուսին վիրավորում։ Մնացյալները իմանալով նրա ով լինելը, փախչում են սարսափահար։

Այդ դեպքից հետո խայտառակված կալվածատերը տնից դուրս չի գալիս։


Բնական է հետաքրքրվել, թե ինչպես էր վերաբերվում Մարտիրոսը իր օրինական կողակցի այդ արարքներին, որ հիմնիվեր քանդում էին տեղական ավանդությունները և մի տեսակ անիշխանություն ձգում կանանց շրջանը: