Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր տունն այցելող կանայք, որոնց թվում կային և Մարջանի ազգականներից, ասում էին, որ Մարտիրոսի կյանքը կյանք չէ, այլ դժոխք, որ խեղճ մարդը «տապակվում է իր եղի մեջ»։

— Աննամուս է, աննամուս է,— գոռաց մի անգամ հայրս, որ չէր կարող երևակայել, թե ինչպես մի տղամարդ դիմանում է այդքան խայտառակությունների և դաշույնը չի խրում «անառակ» կնոջ սրտի մեջ։

— Էէ՜,— ասաց մի պառավ կին, հինգ անգամ իրարու վրա իր լայն պնչերով ներս քաշելով քթախոտի փոշին,— մեջտեղ որ վախ կա, նամուսն ի՞նչ անի:

Այսպես թե այնպես քաղաքը Մարտիրոսին և ծաղրում էր, և արհամարհում, և մասամբ կարեկցում։

Ես մերթ ընդ մերթ տեսնում էի նրան, երբ քաղաքումս էր։ Նրա հողային տափարակ կտուրով տնակը, որ բաղկացած էր երկու անշուք սենյակներից, կիսախարխուլ խոհանոց-թոնրատնից և հավաբնից, գտնվում էր մեր ուսումնարանի դեմուդեմ, երկայն, նեղ և հազար ու մի աղտեղություններով լի ձորի մյուս կողմը, որ չգիտեմ, ինչ անունով փողոց անունն էր կթում։

Դա միջահասակ մի մարդ էր մոտ քառասունհինգ տարեկան, բավական ճերմակ քունքերով և շեկ, գրեթե կարմիր բեղերով: Նրա պարզ գույնի աչքերը, կլոր փափախի տակից, նայում էին շուրջը մի տեսակ կասկածով, նախանձով և չկամությամբ։ Անձամբ նրա դեմքն ինձ թվում էր այնքան անախորժ, որ հանդիպելիս անգիտակցարար երեսս դարձնում էի նրանից։ Նա ինքն էլ խուսափում էր մարդկանցից։ Նույնիսկ մեր՝ մանուկներիս հայացքներից։ Եվ ես կարծում էի, որ մենք նրան պակաս ամոթ չենք ներշնչում, քան մեր մեծերը։ Կարող եմ ասել նույնիսկ, որ նա մեզանից վախենում էր անգամ։ Թե ինչու, այժմ եմ հասկանում։ Ոչինչ այնքան սարսափելի չէ ընդհանուրի ծաղրին ու ծիծաղին արժանացած մարդու համար, որքան մանուկների հալածանքը փողոցներում։ Եվ վայ նրան, ով այդ հալածանքի առարկան է դարձել մի անգամ։ Նրա ճակատագիրն արդեն որոշված է. նա կամ պիտի փախչի ուրիշ երկիր, կամ փակվի իր տանն առմիշտ: