ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ազգերի ահռելի պատերազմը տակնուվրա արավ Մագդալինա Մաքայանի կյանքը։ Ապրել էր նա մինչև այդ ժամանակ անդորր, անգույն, անարյուն, բայց երջանիկ կյանքով: Սիրե՞լ էր նա իր ամուսնուն այնպես, ինչպես սիրում է կինը տղամարդուն։ Սիրվե՞լ էր արդյոք նրանից։ Ինքներդ դատեցեք: Տասնևութ տարեկան մի շատ սովորական, շատ պարզ աղջիկ էր, ոչ հիմար և ոչ էլ շատ խելոք, երբ ամուսնացավ «պոդպորուչիկ» Աբգար Մաքայանի հետ։ Ամուսնացավ առանց երկար մտածելու և երկար տատանվելու, որովհետև արդեն մանուկ հասակից լսել էր, որ երբ ոչ հարուստ մի ընտանիքի աղջիկ դպրոցն ավարտում է, երբ գիտե քիչ թե շատ նվագել դաշնամուր, պարել, զվարճախոսել, պետք է ամուսնանա, եթե չի ուզում իր ծնողների համար ավելորդ բեռ դառնալ։
Այսպես թե այնպես, Մագդալինան իրեն անբախտ չէր զգում, ինչպես չի կարող անբախտ զգալ իրեն մի հավ, որ ունի առատ կուտ և տաք բույն։ Նա նույնիսկ երջանիկ համարեց իրեն այն պահից, երբ ունեցավ առաջին զավակը և երկու տարի չանցած՝ երկրորդը—մեկը տղա, մյուսը աղջիկ։ Եվ իր ամբողջ էությամբ անբաժան նվիրվեց նրանց։ Այնպես, ինչպես կարող է նվիրվել միայն այն էակը, որ կյանքի խորհուրդը պարփակել է ընտանեկան սահմանափակ շրջանակի