մեջ։ նա մոռացավ ամենքին և ամեն ինչ, որ կապ չուներ իր զավակների ճակատագրի հետ։ Նրա դաշնամուրի կափարիչն օրերով և շաբաթներով չէր բարձրանում։ Հագնվում էր անփույթ, առանց որևէ ուշադրություն դարձնելու իր արտաքինի վրա։ Նույնիսկ ամուսինը դարձավ նրա աչքում մի տեսակ շնչավոր մեքենա, որ ստեղծված է գործելու միայն և միմիայն երեխաների համար և որ չի կարող նրանցից դուրս ունենալ ոչ հոգս, ոչ ցանկություն։
— Գիտե՞ս, Աբգար,— ասում էր նա մայրական անզուսպ և կույր զգացման բուռն գրգռման պահերին, գրկելով մի ձեռով մեծ, մյուսով փոքր զավակին,— եթե տերը մի արասցե, սրանց մի բան պատահի, ես առանց մի վայրկյան տատանվելու, ինձ կսպանեմ։
— Լավ, հիմար-հիմար մի՛ դուրս տա,— կրկնում էր Աբգարը, հանգիստ ժպտալով այն լայն, պայծառ ժպիտով, որ միայն անկեղծ և բարեսիրտ մարդկանց է պարգևված և որ մի առանձին գրավչություն է տալիս նրանց դեմքերին, որքան ևս տգեղ, որքան ևս այլանդակ լինեն նրանք։
Այսպես ապրեց Մագդալինան ինը տարի, միշտ հանգիստ, միշտ անվրդով, ինչպես մի անգամ արդեն իր ուղին հարթած դաշտային գետակ։ Մի օր Աբգարը տուն եկավ հուզված և թուրն ուսից վար դնելով, ասաց.
— Ա՜հ, վերջապես։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Մագդալինան, որ այդ ժամանակ զբաղված էր փոքր երեխայի հագուստը փոխելով։
Զորաժողով է հայտարարված։
— Զորաժողո՞վ,— արտասանեց Մագդալինան անգիտակցաբար, առանց նայելու ամուսնու երեսին։
— Այո, սիրելիս։ Եվ շատ հավանական է, որ մեր գունդն էլ ուղարկեն, հետևաբար և՛ ինձ։
— Ո՞ւր պիտի ուղարկեն,— հարցրեց Մագդալինան, տակավին