Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ով որ նրան ասաց, թե պատերազմում սպանվածների մերձավորները որոշել են սգազգեստ չհագնել հասարակության տրամադրության վրա չներգործելու համար։ Նա վրդովվեց, ասելով, թե ոչ ոքի վզին չի ուզում փաթաթել իր վիշտը, և թող ոչ ոք էլ չխանգարի նրան իր վիշտը կրելու այնպես, ինչպես ինքն է կամենում։ Եվ իր խոսքին հավատարիմ մնալով, նա դադարեց տնից դուրս գալ՝ ծանոթներին չհանդիպելու համար։ Նա դադարեց այցելել նույնիսկ իր ծնողներին և քույրերին, որոնց կարեկցությունը նրան ավելի գրգռում էր, քան սփոփում։ Նա չէր ուզում անգամ ոչ ոքի ընդունել և չէր թաքցնում իր դժկամությունը, երբ մերձավորներն այցելում էին նրան։

Նա մեծացնել տվեց Աբգարի ամենահաջող լուսանկարը, որ նկարված էր դեռ ամուսնությունից առաջ, գրեց սև շրջանակի մեջ և կախեց պատի վրա, Աբգարի գրասեղանի վերև։ Եվ դա եղավ նրա ամենասիրելի ընկերն ու խոսակիցը։ Երեխաներից թաքուն նա նստում էր այդ լուսանկարի առջև երբեմն ժամերով, նայում էր նայում, հառաչում, արտասվում մեղմիկ։ Դարձյալ նայում։ Մերթ ընդ մերթ նկարն այնքան կենդանանում էր, որ, կարծես, շունչ էր առնում և ձգտում էր դուրս գալ շրջանակից։ Այդպիսի րոպեներին Մագդալինայի հոգու խորքից բարձրանում էր կասկածի, թե հուսո նման մի բան և պաշարում նրան։ Թվում էր նրան, որ ինքը և ամենքը մոլորության մեջ են, որ կատարում են հանցանքի հավասար մի սխալ, կարծելով, թե Աբգարը մեռած է, որ խելառություն էր այդպես շուտ, առանց ստուգելու հավատալ նրա սպանմանը։ Բայց անցնում էին րոպեները և ցնորքը չքանում էր՝ տեղի տալով կատարված իրողությանը...

***

Մի անգամ — պատահեց այս հոգեհանգստից մի ամիս ու կես անցած — Մագդալինան ննջարանում կրտսեր երեխայի համար շապիկ էր կարում, երբ Գարիկը սովորական աղմուկով հանկարծ ներս վազեց՝ գոչելով.

— Մամա, այնտեղ մի մարդ ուզում է քեզ տեսնել: