— Ո՞վ է։
— Չհարցրի։
Մագդալինան կարը դրեց մի կողմ, հանդարտ վեր կացավ և դուրս եկավ սենյակից։
Պատշգամբի վրա կանգնած էր մի անծանոթ «Կարմիր խաչի» հողագույն համազգեստով. աջ թևի վրա խաչի նշանը։
— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց Մագդալինան։
— Տիկին, դոկտոր Վարազդանովը ձեզ խնդրում է շնորհ բերել իր մոտ։
— Ո՞վ է դոկտոր Վարազդանովը։
— Հիվանդանոցի կառավարիչը։
— Ի՞նչ գործ ունի նա ինձ հետ։
— Չգիտեմ,— պատասխանեց անծանոթը, երեսը մի կողմ դարձնելով և նկատելու աստիճան շփոթվելով։
— Ասացեք դոկտորին, որ ես ժամանակ չունեմ տնից դուրս գալու, մանավանդ որ ծանոթ չեմ նրա հետ։
— Բայց, տիկին, գործը շատ կարևոր է:
Մագդալինան նայեց նրա երեսին խոր հայացքով զգալով ինչ-որ տարօրինակ կասկած։
— Ինչպես երևում է, դուք գիտեք՝ ինչու համար է ինձ կանչում դոկտորը,— ասաց դրական եղանակով։— Ինչո՞ւ եք թաքցնում, ասացեք։
— Տիկին, գուցե գիտեմ, բայց ինձ իրավունք չէ տրված ասելու։ Եկեք և ինքներդ տեսեք։ Ես արդեն կառք եմ բերել ձեզ համար։ Կես ժամում նա մեզ կհասցնի հիվանդանոց։
— Շատ լավ,— արտասանեց Մագդալինան և շտապով հագնվեց ու դուրս եկավ անծանոթի հետ։
Ճանապարհին նա այլևս ոչ մի հարց չտվեց, վախենալով լսել մի վատ բան...
Կես ժամ անց քաղաքի ծայրում կառքը կանգ առավ մի մեծ շինության առջև, որ բաղկացած էր մի քանի մասերից։
Կարմիր խաչ կրողը նրան ընդարձակ բակով առաջնորդեց դեպի մեկը այդ մասերից և հրամայեց ներս մտնել։