Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառայողներին, երբ գիտեն, որ հաճախորդը լավ վարձատրողներից չէ։ Երկար ժամանակ չէին մոտենում մարդու պատվերն ընդունելու կամ մոտենում էին դժկամությամբ, դանդաղ քայլերով, կարծես, մի ծանր, անախորժ պարտք էին կատարում:

Ինձ շատ էր հետաքրքրում այդ մարդը։ Նրա վրա անողոք ժամանակը վաղաժամ սփռել էր ծերության առաջին փոշին։ Իր կարմիր-կապտագույն երեսով, իր ուռած ու մսալի քթով, որ ծածկված էր բշտիկներով, իր հիվանդոտ ու միշտ ջրակալ աչքերով նա նմանվում էր անուղղելի ալքոհոլիկի։ Սակայն ես երբեք նրան հարբած չէի տեսնում։ Նրա տձև ու հնամաշ սյուրտուկը, որի կուրծքն ու արմունկները փայլում էին պողպատի պես, մատնում էին նրա գրպանի գաղտնիքը։ Բայց նա աշխատում էր իր չքավորությունը շղարշել շինծու արտաքին հպարտությամբ։ Դա զգայուն և ինքնասեր չքավորների հավիտենական զենքն է։ Պարզ էր ինձ համար, որ այդ մարդը մի ժամանակ վայելել է կյանքի բարիքները և այժմ անցյալի սնոտի հիշողություններից չի կարողանում ազատվել։

Խոսում էր նա բարձր, խրոխտ ձայնով, միշտ տալով այդ ձայնին մի տեսակ հրամայողական շեշտ։ Ստեպ-ստեպ արտասանում էր տեղական իշխանավորների ու հարուստների անունները կես-մտերմական, կես-արհամարհական եղանակով, ընդգծելով իր բարեկամությունը կամ ծանոթությունը նրանց հետ։

Մերթ ընդ մերթ, իբր թե մի կարևոր բան մտաբերելով, ձեռը զարկում էր ճակատին ու գոչում.

— Ա՛հ, քիչ էր մնում մոռանայի։

Եվ, արագությամբ ոտքի ելնելով, մոտենում էր տելեֆոնին, երբեք կռնատակից բաց չթողնելով անձրևանոցը։

— Կենտրոնակա՞նն է,— լսվում էր նրա հրամայական ձայնը,— տվեք համար 9—11։ Շնորհակալ եմ։ Ո՞վ է ապարատի մոտ։ Ա՜ա, այդ դո՞ւք եք, իշխան։ Խորին հարգանքներ, ձերդ պայծառափայլության։ Ուզում էի խոսել կալվածքի մասին։ Եթե գինը մի քիչ պակասեցնեք, կարող եմ գործը գլուխ բերել։ Ինչպե՞ս։ Այսօր գալ ձեզ մո՞տ։ Ցավում եմ, որ չեմ կարող, ժամանակ չունեմ։ Վաղը կգամ։ Երեխան առողջացա՞վ: