Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ ուրախ եմ։ Խորին հարգանքներիս հավաստին նորին պայծառափայլություն իշխանուհուն։ Ոչ, ոչ, այսօր զբաղված եմ․ թեյի գալ չեմ կարող, թող իշխանուհին ներե։ Վաղը ուղիղ տասնումեկ ժամին։ Ցտեսություն։

Եվ այսպես, նա միշտ խոսում էր մերթ իշխանների, մերթ նշանավոր հարուստների կամ պաշտոնյաների հետ, երբեմն մի ժամվա մեջ հինգ-վեց անգամ։ Երբ մոտենում էր տելեֆոնին, սպասուհիները նայում էին իրար ու ժպտում։ Իսկ նա, տելեֆոնի խոսակցությունից կազդուրված, հպարտ քայլերով նորեն մոտենում էր իր սեղանակիցներին, նորեն նստում, որպեսզի, մի քանի րոպե անցած, նորեն մոտենա տելեֆոնին։ Երբեմն նա հանդիմանում էր տելեֆոնի աղջիկներին։ Անիրավները շուտ չեն պատասխանում նրան։

Առհասարակ նրա քայլվածքը, նրա բոլոր ձևերն ու շարժումները, խոսելու եղանակը, ամեն ինչ արտահայաում էին վերին աստիճանի գործնական, զբաղված մարդու անհամբերություն ու ներվայնություն։ Այսպես էր թվում ինձ այն ժամանակ։

Մի անգամ ես սպասուհիներից մեկին հարցրի․

— Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այդ եռանդուն մարդը։

— Աստված գիտե, չեմ ճանաչում,— պատասխանեց սպասուհին,— հարցրեք Նադյային, նա ամենքին ճանաչում է։

Նադյան սրճարանի ամենահին սպասուհին էր և իրավ ճանաչում էր բոլոր հաճախորդներին։

— Ախ, դուք չե՞ք ճանաչում Պյոտր Պետրովիչ Փեփինյանցին,— գոչեց նա զարմացած,— այդ զարմանալի է։ Պյոտր Պետրովիչն ամենքի խնամին է։ Աստված ինքն է ուղարկել մեր գլխին փորձանքի համար։

— Փորձանքի՞։

— Այո, այդ մարդը պատիժ է մեզ համար, կատարյալ պատիժ։

— Բայց ո՞վ է, ի՞նչ գործի մարդ է։

— Միջնորդ է, կամ, ինչպես ինքն է ասում, կոմիսիոներ։ Իբր թե ուրիշների համար տներ է դնում կամ վաճառում, բնակարաններ է վարձում, ով գիտե, հազար ու մի բաներ։ Ես միայն զարմանում եմ, որ մեր սրճարանի տերը,