Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ չափազանց զղջում էր, որ մի օր ինքը Պյոտր Պետրովիչին իմ ներկայությամբ անվանել է անամոթ, սրիկա։

Ամառվա սկզբին ես գնացի ամառանոց։ Այնտեղ ես չմոռացա Պյոտր Պետրովիչին։ Հիշում էի նրա օր-օրի վրա կորացող մեջքը և ճերմակող մազերն ու մորուքը։ Շարունակ իմ ականջներում հնչում էր նրա խրոխտ ձայնը, որ քանի գնում այնքան թուլանում էր։ Արդյոք ամուրի՞ է նա,— մտածում էի ես,— թե՞ ծանրաբեռնված է ընտանիքով, չքավորի այդ դաժան լուծով...

Աշնան սկզբին, քաղաք վերադառնալով, ես նորեն սկսեցի այցելել նույն սրճարանը։

Պյոտր Պետրովիչը չկար:

— Ո՞ւր է նա,— հարցրի ես Նադյային։

— Չգիտեմ:

— Միգուցե խեղճը մեռե՞լ է։

— Ոչ, ծանոթներն ասում են, թե դեռ ապրում է:

— Բայց ինչո՞ւ չի գայիս սրճարան։

— Ա՛խ, պարոն, չեք կարող երևակայել, թե այժմ ես որքան եմ խղճում Պյոտր Պետրովիչին,— արտասանեց Նադյան ձայնի անկեղծ հնչյունով,— ահա մոտ երկու ամիս է նա ոտք չի դրել մեր սրճարանը։

— Ինչո՞ւ։

Եվ սպասուհին պատմեց եղելությունը։ Երկու ամիս առաջ մի օր սրճարանի տերը, որ «անպիտաններից անպիտանն էր» հանկարծ Պյոտր Պետրովիչի ձեռից խլում է տելեֆոնի փողը, գոռալով. «Բավական է որքան մաշեցիր իմ ապարատը»։ Պյոտր Պետրովիչը, հարկավ, վիրավորվում է և սրճարանի տիրոջն անվանում է անկիրթ։ Տեղի է ունենում խոշոր ընդհարում։ Սրճարանատերը հրամայում է Պյոտր Պետրովիչին դադարել իր սրճարանը հաճախելուց, ասելով. «Բավական է որքան ձրիաբար լափեցիր իմ նազուքն ու սուրճը»։ Այն ժամանակ Պյոտր Պետրովիչն, ինքն իրեն կորցնելով, գոռում է. «Քոսոտ շուն, դու ո՞վ ես, որ ինձ անպատվում ես։ Ես քեզ նման շատերին եմ կերակրել, կգա ժամանակ էլի կկերակրեմ»։ Այդ խոսքերի վրա սրճարանի տերը բռնում է Պյոտր