են։ Էլի ինչ որ լինի, մեր Պյոտր Պետրովիչն է, ես նրան ուրիշների մոտ չեմ խայտառակի։
Այդ օրից իմ մեջ ծագեց մի տեսակ կարեկցություն դեպի այդ մարդը։ Ես ցավեցի մինչև անգամ, որ գործեր չունեմ նրան հանձնելու։ Պատրաստ էի հավատալ նրան ամենախոշոր հանձնարարություններ, եթե ունենայի։ Երևի նա ինքն էլ զգում էր, որ չունեմ, որովհետև ինձ վրա բնավ ուշադրություն չէր դարձնում, այնինչ ամբողջ սրճարանում նա էր միայն, որ ինձ հետաքրքրում էր։ Առանց անձնապես հետը ծանոթանալու ու հետը խոսելու, զգում էի պարզորեն, որ օր-օրի վրա նրա հոգին ընկճվում է ձախորդ կյանքի լծի տակ և տեսնում էի, որքան նա շատ է ճգնում մարդկանց խաբել իր կեղծ հպարտությամբ ու մտացածին կապերով, այնքան քիչ է հաջողվում խաբել, որքան հաճախ է մոտենում տելեֆոնին, այնքան ավելի է գրգռում իր ծանոթների ծաղրը։ Իսկ այդ ծաղրը երբեմն հասնում էր բացարձակ ցինիկության։
— Պյոտր Պետրովիչ,— լսեցի ես մի օր,— վաղը ես ձեզ պիտի հանձնարարեմ գնել ինձ համար հազար տակառ լուծողական։
— Պյոտր Պետրովիչ,— լսեցի մի ուրիշ անգամ,— չե՞ք կարող, արդյոք, փոխարքայի պալատն ինձ համար կապալով վերցնել։
— Պյոտր Պետրովիչ,— ծաղրեց մի երրորդը,— գնեցեք ինձ համար հինգ հարյուր ուղտ, Հնդկաստան ապրանք եմ ուղարկելու։
Եվ այդպես, մեկը մյուսից տխմար կատակներ։
Ես զայրանում էի մինչև հոգուս խորքը։ Երբեմն պատրաստ էի բարձրաձայն բողոքել մարդկային այդ դաժանության դեմ։ Նույնիսկ սրճարանի սպասուհիներն ավելի բարի և մարդասեր ու կիրթ էին, քան այդ ռեդինկոդ ու սմոկինգ հագած պարոնները։ Իսկ Նադյայից ես հաճախ լսում էի անկեղծ կարեկցության խոսքեր Պյոտր Պետրովիչի վերաբերմամբ։
— Ա՛խ, պարոն,— ասում էր նա,— ինչու՞ այդ մարդիկ չեն հասկանում, որ ամոթ է ծաղրել անբախտներին։