— Ասա, խնդրեմ, դու ինչպե՞ս ես ըմբռնում սեր ասված բանը,— հարցրեց նա հանկարծ, իր հուժկու բազուկները դնելով մարմարյա սեղանի վրա և իր խոշոր ու խելացի աչքերի խուզարկու հայացքն ուղղելով ուղիղ իմ աչքերի բիբերին։
Ասում եմ հանկարծ, որովհետև հարցն ինձ համար միանգամայն անսպասելի էր։ Մի մարդու կողմից, որ մեր քսանամյա ծանոթության և այնքան հաճախ հանդիպումների ընթացքում երբեք չէր խոսել սիրո մասին։ Չնայելով, որ նրա կյանքը լի էր արկածներով: Երբ ընկերական շրջաններում խոսք էր բացվում կանանց վերաբերմամբ, բժիշկ Ախուրյանը լռում էր: Նա թողնում էր, որ շաղակրատեն ուրիշները, որ նրանից շատ բաներ կարող էին լսել ու շատ բաներ սովորել, Երևի, որպես կյանքի փորձառություն ունեցող մեկը, գիտեր, որ սովորաբար այն մարդիկ են շատ խոսում կանանց մասին, որոնք քիչ են արժանացել կամ բնավ չեն արժանացել նրանց ուշադրությանը։
Չեմ հիշում ինչ պատասխանեցի բժշկի հարցին, հիշում եմ միայն, որ նա ներողամտաբար ժպտաց։
— Լսիր,— ասաց նա, մի քանի վայրկյան մտածելուց հետո,— այսօր ես ուզում եմ պատմել քեզ իմ կյանքից մի դեպք, որի նմանը չեմ կարծում, թե պատահած լինի ինձնից մի քիչ ավելի խելոք որևէ մեկի կյանքում։ Կամենա՞ս լսել։
— Մեծ հաճույքով,— շտապեցի արտասանել ես ամենայն անկեղծությամբ, վասնզի գիտեի, որ բժիշկ Ախուրյանի պատմվածքը չի կարող լինել անհետաքրքրական, քանի որ նա յուր դիմացինին չձանձրացնելու չափ խելոք է։
Նա համեմեց աբսենտը շաքարով, խառնեց ջրի հետ, խմեց մի քանի ումպ և այսպես սկսեց իր պատմվածքը.
— Անցքը պատահել է վաղուց, այն ժամանակ, երբ ես հազիվ տասնուինը տարեկան էի։ Ես նոր էի ավարտել գիմնազիական դասընթացս և պատրաստվում էի ուղևորվել մայրաքաղաք համալսարան մտնելու։ Գավառացի պատանի էի, մարմնապես առողջ ու կայտառ, ինչպես երկու տարեկան մի հորթ, ու բարոյապես տակավին անապական, ինչպես գառնուկ: Չնայելով, որ Թիֆլիսն ու իմ վաղաժամ փչացած դասընկերները