բավական զորավոր էին ինձ ևս փչացնելու համար: Կի՞ն։ Օօ՜, բնավ չէի մտածել նրա մասին։ Սե՞ր կամ սիրահարությո՞ւն։ Գաղափար անգամ չունեի այդ երգերի մասին։
Նախքան Կովկասից հեռանալը ես պարտավոր էի գնալ Գողթան գավառ՝ ծնողներիս հրաժեշտ տալու համար։ Բայց ճակատագրի մի գաղտնի հրամանով ճամփորդությունս հետաձգեցի մինչև օգոստոսի վերջը, երևի, որպեսզի պատահեր իմ կյանքում այն, ինչ որ պատահեց։ Նույն ճակատագրի թելադրությամբ էր, որ որոշեցի կացարանս փոխել։ Փնտրեցի և առաջին իսկ օրը գտա մի բավական ընդարձակ, մաքուր և լուսավոր սենյակ, քաղաքի ոչ այնքան ետ ընկած փողոցներից մեկում։ Տանտիրուհիս մի բարեմիտ այրի էր, ազգով ռուս։ Նրա ամուսինը պետական ինչ-որ հիմնարկության մեջ աննշան պաշտոնյա էր եղել և նոր էր մեռել, թողելով երկու որբեր։
Տեղափոխվելուս հետևյալ օրը մի բան գրավեց ուշադրությունս։ Դա ոչ այնքան մեծ, երկու կամ, ճիշտն ասած, երեք հարկանի մի տոմս էր, որի թե՛ վարի ու թե՛ վերի դռներն ու լուսամուտները գոց էին։ Մռայլ ու տխուր էր այդ տան տպավորությունը։ Չնայելով, որ ո՛չ խարխուլ էր և ո՛չ նույնիսկ այնքան հին, որքան աջ ու ձախի տները։ Նրա փակ լուսամուտների փեղկերն ու ապակիները ծածկված էին փոշու թանձր շերտերով։
Այս հանգամանքը ցույց էր տալիս, որ տունը ամայի է և վաղուց։ Վերին հարկի դռներին փակցված էր մի կտոր թուղթ։ Ըստ երևույթին դա հայտագիր էր, թե տունը վարձով է տրվում։ Ասում եմ ըստ երևույթին, որովհետև անձրևներից և արեգակից նրա գրությունը ջնջվել էր ու անհետացել։ Այդ դռները փողոցի մակերեսից բաժանված էին միայն հինգ, թե վեց աստիճան ունեցող մի քարե սանդղքով։ Օրը մեկ կամ երկու անցորդ բարձրանում էր այդ սանդղքով և փորձում կարդալ հայտագիրը։ Եվ ամենքը հեռանում էին մի տեսակ տարակուսանքով։ Երևի զարմանում էին, որ տանտերը նեղություն չի կրում ջնջված հայտագիրը վերանորոգելու։ Միևնույն ժամանակ ես նկատում էի, որ հարևան տան ներքին հարկում