Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արհեստանոց ունեցող կոշկակարը անխուսափելիորեն մոտենում է յուրաքանչյուրին, որ փորձել է կարդալ հայտագիրը, և խորհրդավոր դեմքով ինչ-որ շշնջում նրա ականջին։ Նկատում էի, որ մարդը, կոշկակարին լսելուց հետո, մի տեսակ երկյուղած հայացք է ձգում տան վրա ու հեռանում, գլուխը երերելով։

Այդ կոշկակարը մի նիհար, փոքրահասակ մարդ էր, ալեխառը, ցանցառ մորուսով և ծխախոտի ծխից դեղնած բեղերով։ Չգիտեմ նա ծո՞ւյլ էր, թե՞ գործ քիչ ուներ, օրվա մեծ մասը նստած էր իր արհեստանոցի առջև և նայում էր անցորդներին կամավոր լրտեսի զննող հայացքով։ Թվում էր, որ ուրիշների կյանքը նրան ավելի է հետաքրքրում, քան իր երեք մանկահասակ զավակների վիճակը։ Չկային ամբողջ փողոցում ավելի աղքատ հագնված և ավելի անմաքուր երեխաներ, քան այդ մանուկները։ Օրը մինչև երեկո նրանք գոռգոռում էին, լալիս, ծիծաղում և անցորդների ետևից քարեր ձգում։

— Պոլինա Նիկոլաևնա,— դարձա ես մի օր տանտիրուհուս,— այդ դիմացի տունն ո՞ւմ է պատկանում։

Այրիի դեմքը մռայլվեց, և նա, հառաչելով, արտասանեց․

— Չեմ ճանաչում, չեմ էլ տեսել։ Ասում են շատ հարուստ մի իշխան է։

— Ինչո՞ւ ամայի է այդ տունը։

— Որովհետև ոչ ոք չի կարող նրան վարձել։

— Պատճա՞ռը։

— Պատճառը, որ նա անիծված է։

— Անիծվա՞ծ,— գոչեցի ես հետաքրքրությամբ։

— Այո, վեց տարի է նա դատարկ է, և ոչ մի մարդ չի համարձակվում այնտեղ ոտք դնել։

Եվ տանտիրուհիս պատմեց հետևյալը.

Ութ տարի առաջ այդ տանը բնակվելիս է եղել իր ընտանիքով մի վաճառական։ Ձմեռը նրա չորս զավակներից երկուսը հիվանդացել են բկացավով ու մեռել։ Վաճառականը իր կնոջն ու մյուս զավակներին, տխուր հիշողությունից ազատելու համար, տեղափոխվել է ուրիշ տուն։ Եկել է մի ուրիշ ընտանիք։ Այս անգամ մի հրեա ժամագործ իր կնոջ ու երկու փոքրիկների հետ։ Նույն ձմեռվա վերջին այդ փոքրիկներն