օր-օրի և ժամ-ժամի վրա սեղմվում է ավելի ու ավելի և սեղմում կոկորդս ավելի ու ավելի։
Բժիշկը խմեց երկրորդ բաժակի և վերջին կաթիլն ու շարունակեց.
— Մարդու նախազգացումներն երբեմն այնպես ճշտորեն իրականանում են, որ կամա-ակամա ուզում ես հավատալ, թե կա մի գաղտնի ուժ, որ ղեկավարում է մեր ճակատագիրը։ Մի առավոտ լվացվելուց հետո, երբ երեսս սրբում էի, հանկարծ օդի մեջ մի ակնթարթ նկարվեց այդ կինը, ճիշտ այնպես, ինչպես էկրանի վրա մի պատկեր։ Ես զգացի, որ իսկույն ևեթ նա պիտի երևա լուսամուտի մեջ և այս անգամ պիտի նայե ինձ. շտապով հագնվեցի, նստեցի լուսամուտիս քով, առջևս դնելով մի գիրք, ինչպես անում էի միշտ։ Ես չէի տեսել բարձրահասակ տղամարդի դուրս գնալը, բայց և այնպես համոզված էի, որ խորհրդավոր էակը պիտի անմիջապես երևա։ Եվ իրավ, նա երևաց դարձյալ նույն հագուստով, դարձյալ դեղին վարդը կրծքի վրա։ Այս անգամ նա վերցրեց մի աթոռ, նստեց, աջ արմունկը դրեց լուսամուտի հատակի վրա, գլուխը հենեց ձեռի վրա և նույն անշարժ հայացքը հառեց հեռու։ Ի՞նչ էր կորցրել նա այնտեղ կամ ի՞նչ էր փնտրում։ Թվում էր շատ բան, թվում էր և ոչինչ, այնքան պաղ էր նրա հայացքը և այնքան, միևնույն ժամանակ, խոր։
Ես այլևս չէի աշխատում որսալ նրա հայացքը, նա ինքը պիտի նայեր ինձ։ Ես այն ինքնագոհներից չէի, որոնք այնքան մեծ համարում ունեին իրենց մասին, որ երևակայում են, թե ոչ մի կին չի կարող իրենց մոտով անցնել անտարբեր։ Բայց այնքան էլ տկար չէի, որ ինձ համարեի ոչնչություն։ Ես հավակնություն չունեի արժանանալ այդ կնոջ շուրջ ուշադրությանը։ Արդեն նա այնքան բարձր էր իմ աչքում, այնքան հեռու ինձնից, որքան մի պայծառ աստղ մի չնչին մոլորակից։ Նայում էի նրան և սքանչանում նրա սքանչելի գեղեցկությամբ։ Եվ օրհնում էի մտքումս բնության հանճարը, որ կարողացել էր ստեղծագործել մի այդպիսի հրաշալիք իմ անիմաստ, խելառ տվայտանքների համար։
Բայց ո՞ւմն է, արդյոք, այդ ստեղծագործությունը, ո՞վ