Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է վայելում այս աստվածային գեղեցկությունը։ Մի՞թե այդ բարձրահասակ տղամարդը ժանտ կերպարանքով։ Եթե այդպես է, եթե նրանք ամուսիններ են, թող անիծվե կյանքը, որ տալիս է այդ տեսակ անարդարություններ...

Երջանիկ և սարսափելի վայրկյան... նա նայեց ինձ... ժպտաց... բայց ինչ տարօրինակ, ինչ անհասկանալի ու անգուշակելի ժպիտ։ Նա ինձ ուրախացրեց և վախեցրեց։ Դա մի սքանչելի ժպիտ էր, բայց անիմաստ։ Փայլեցին նրա կապարագույն աչքերը, բայց պաղ, ինչպես փիրուզաներ։ Ես ցնցվեցի։ Թվաց ինձ, որ այդ կապարյա անշարժ հայացքը թափանցեց ամբողջ էությունս, ինչպես հանկարծակի փչած մի սառն ու սուր հով։ Բայց մի սառնություն էր դա, որ այրեց հոգիս։ Ես այլայլվեցի, չկարողացա իմանալ հարկավոր է ժպիտին ժպիտով պատասխանել, թե՞ ոչ։ Գլուխս թեքեցի կրծքիս ու ձևացրի, թե կարդում եմ առջևս դրած գիրքը։ Սիրտս ուժգին տրոփում էր, ես դողում էի ինչպես մի վեհերոտ մանուկ, որին բռնել էին գողության միջոցին։ Այլևս ուժ չունեի այն կողմը նայելու։ Իսկ երբ նայեցի, նա արդեն չքացել էր, թեև լուսամուտը դեռ բաց էր...

Իմ պատանեկան անարատ երևակայությունն արդեն բարձրացրել էր այդ խորհրդավոր էակին եթերը, և բոլոր խոհերը, բոլոր զգացումները թռչում էին դեպի նա։ Ես ոչինչ չէի նշմարում շուրջս, ոչինչ չէի զգում, ո՛չ վշտերը մարդկային, ո՛չ ուրախությունները։ Աշխարհը և համայն տիեզերքն ինձ համար ամփոփված էին նրա մեջ։ Նրանով էի միայն ապրում, նրանով շնչում։ Չէի ուզում հանդիպել ոչ ծանոթների և ոչ նույնիսկ ընկերների։ Ես մի ագահ էի, որ հանկարծակի գտել էի մի գաղտնի գանձ և դողում էի նրա մասին։ Նա ինքը չի կարող այդ գանձը վերցնել, բայց չի էլ ուզում, որ մի ուրիշը գիտենա նրա տեղը, վախենալով միգուցե հափշտակեն նրան։ Խոսել նրա մասին որևէ մեկի հետ ես համարում էի և՛ հանցանք, և՛ տխմարություն։ Հանցանք, որովհետև մարդիկ, մանավանդ իմ մտերիմ ընկերները կարող էին այս կամ այն ակնարկով վիրավորել իմ սրբությունը։ Տխմարություն, որովհետև ես կարող էի դառնալ ծաղրելի հենց միայն այն պարզ պատճառով, որ խելագարի