Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրում էի, բայց ուշ ու միտքս անիծյալ տան կողմն էր։ Սպասում էի անհամբեր բարձրահասակ մարդու դուրս գալուն։ Քրոնոմետրի ճշտությամբ նա ամեն օր դուրս էր գալիս տնից առավոտյան տասը ժամին և վերադառնում էր երեք ժամին։ Ահա այդ ժամանակամիջոցներին էր, որ լուսամուտը բացվում էր, և այնտեղ երևում էր նրա սևազգեստ կինը։

Այդ օրն էլ տղամարդը դուրս եկավ ճիշտ իր ժամանակին, բայց կինը չերևաց մի ամբողջ ժամ, չերևաց մինչև կեսօր։ Ես սկսեցի անհանգստանալ։ Միգուցե նա հիվա՞նդ է կամ այդ բռնակալը խլել է նրանից այդ չնչին ազատությունն էլ։ Մի՞թե ես այլևս չպիտի տեսնեմ նրան։ Այդ անկարելի է, ես կցնորվեմ։ Եվ, իրավ, եթե մեկն ինձ տեսներ գողտուկ, թե ինչպես հուզված, այլայլված ետ ու առաջ եմ քայլում իմ փոքրիկ սենյակում վանդակ ձգված վագրի պես, անշուշտ, ինձ կհամարեր խելագար։ Կարծես ես արդեն տիրացել էի այդ կնոջը և այժմ կատաղում էի, որ նրան խլում են ինձնից։

Վերջապես, սենյակս թվաց ինձ նեղ։ Ես խեղդվում էի օդի պակասությունից։ Վճռեցի դուրս գալ, մանավանդ որ ծնողներիս գրված նամակս պիտի ձգեի պոստարկղ։ Բայց հազիվ դուրս էի եկել փողոց, հանկարծ նվիրական լուսամուտը բացվեց, և տիկինը երևաց այնտեղ մի ծրար ձեռում: Ես գդակս բնազդաբար վերցրի և բարևեցի նրան, դարձյալ չգիտեմ ինչ իրավունքով։ Այս անգամ նա գլուխը թեթևակի շարժեց և, ով զարմանք, ծրարը մեկնեց դեպի ինձ։ Մինչ ես, անասելի շփոթված, չգիտեի ինչ անել, նա ծրարը ձգեց փողոց և ինքն անհետացավ։

Ես, աջ ու ձախ նայելով, գողովի վազեցի և ծրարը վերցրի։ Բարեբախտաբար, ոչ ոք այդ չնկատեց։ Պարզ էր ինձ համար, որ ծրարն ինձ է ուղղված։ Բայց նայեցի նրան, անունս չկար վրեն։ Շտապով վերադարձա սենյակս, պատռեցի ծրարը։ Սիրտս ուժգին բաբախում էր, ձեռքերս դողում էին ուրախությունից և անհայտությունից։

Ընդամենը մի էջից բաղկացած մի գրություն էր դա ռուսերեն։ Նա ինձ չէր ուղղված, նա ոչ ոքի չէր ուղղված։ Կարդացի, ոչինչ չհասկացա։ Նախ դա մի տարօրինակ ձեռագիր էր,