Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տառերն անհավասար, տողերն անկանոն, մի բառ փոքրիկ, հազիվ նկատելի տառերով, մյուսը գլխատառերով։

Ապագայում, երբ ևս իբրև բժիշկ պարապում էի Մոսկվայի կլինիկայում, այնտեղ, հոգեկան հիվանդների բաժնում շատ եմ տեսել համանման ձեռագիրներ բոլորովին գրագետ և կրթված մարդկանց ձեռքով գրված։

Երեք տող միայն պարզ էին գրված և, ըստ երևույթին, ունեին իմաստ։ Այսօր էլ հիշում եմ բառ առ բառ այդ տողերը. («Վոլդեմարը սիրեց Ալինային, Ալինան ասաց չի կարելի։ Գազանը տեսավ, կատաղեց, սպանեց, սպանեց, սպանեց»։

Ի՞նչ էին նշանակում այդ տողերը— հարկավ չհասկացա։ Բայց այլևս ինձ համար պարզ էր մի բան. այդ խորհրդավոր կինը հոգեպես հիվանդ է, և ինքս ինձ նախատեցի, որ նոր եմ միայն գուշակում։ Այո, այդ ապակյա հայացքը խոշոր աչքերի, այդ անիմաստ ժպիտները, այդ փակ լուսամուտները, այդ թախծալի միապաղաղ կրկնվող երեք նոտաները, այդ բարձրահասակ տղամարդի մռայլությունը — մի՞թե այդքանը բավական չէր։

Ես նամակը թաքցրի գրասեղանիս մեջ և ամեն օր նայում էի նրան։ Այսօր էլ ես նրան պահում եմ, իբրև հիշատակ իմ խելառ տվայտանքների, իմ անքուն գիշերների, անհուն արցունքների։ Ոչ, իբրև մի սրբություն-սրբոց, որովհետև այդպիսի կրակոտ սեր այլևս չպիտի կրկնվեր իմ կյանքում։ Հարկավ, եթե իմ բանականությունը լիներ արթուն, եթե ես ունենայի մտածելու և վերլուծելու ուժ, այդ նամակը կարդալուց հետո իսկույն կսթափվեի իմ ցնորքներից և կաշխատեի հանգցնել կրծքիս տակ օր-օրի վրա ավելի ու ավելի բորբոքվող հուրը։ Չէ՞ որ ինքնասպանություն է երազել մի կնոջ մասին, որի գոյությունը երազ է։ Մի կնոջ, որ բնության դաժան ձեռքով պոկվել է երկրից և այրվում է ցնորքների բովում։ Բայց, զարմանալի բան, այդ պահից ես այդ կնոջը սիրեցի կրկնակի սիրով։ Գուցե՞ դա մի դեռահաս հոգու կարեկցությունն էր դեպի մի թշվառ։ Չգիտեմ։

Հետևյալ օրը տանտիրուհիս եկավ որոշյալ ժամին սենյակս


Ալեքսանդր Շիրվանզադե, Երկերի ժողովածու, V—21