Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգի բերելու։ Ես անքնությունից այնքան թույլ էի, որ խնդրեցի նրան թողնել ինձ այդ որը հանգիստ։ Նա նայեց ինձ տխուր հայացքով ու ասաց.

— Գիտեմ, որ տկար եք, բայց հետաքրքրական լուր ունեմ ձեզ հայտնելու։

— Ի՞նչ է պատահել։

— Մեր դեմուդեմի կինը ցնորված է:

— Մի՞թե,— արտասանեցի ես, իբր թե անտարբեր։

— Այո՛։ Ուզո՞ւմ եք պատմեմ ինչիցն է ցնորվել։ Կոշկակարի կինն ամեն բան իմացել է Ազովսկիների աղախնից։

— Պատմեցեք,— նույն անտարբերությամբ ասացի ես։ Տանտիրուհիս նստեց գրասեղանիս քով և յուր հագուստի թևերը ցած բերեց, որ ծածկե աշխատանքից կոշտացած և կրակից կարմրած բազուկները։

Եվ պատմեց։

IV

Ութ տարի է, որ Ազովսկիներն ամուսնացած են։ Մարդու անունն է Սրափիոն, կնոջ անունը Ալինա։ Մարդը հարուստ կալվածատեր է, ունե հորից ժառանգած մի քանի հազար դեսյատին վարելահողեր Բեսարաբիայի նահանգում։

Ամուսնանալու ժամանակ նա եղել է գրագունյան գնդի սպա։ Ալինան հետևակ զորքի մի չքավոր փոխ-գնդապետի աղջիկ է, շատ լավ կրթված։ Սրափիոնը ամուսնացել էր նրա հետ, հափշտակված նրա աննման գեղեցկությունով։ Իսկ Ալինան տվել է իր համաձայնությունը, զիջանելով ծնողներին, որոնք փափագել են անպատճառ հարուստ փեսա ունենալ։ Նրանք ուզեցել են, որ իրենց միակ դուստրը լավ ապրուստ ունենա, անձամբ զգալով, թե ինչ ասել է չքավորություն։ Ալինան չի սիրել Սրափիոնին։ Չի սիրել և ուրիշ ոչ ոքի։

Լավ թե վատ Ազովսկիները երբ չորս տարի ապրել են հաշտ, հանգիստ ու անվրդով։ Ալինան հետզհետե ընտելացել