ես անմեղ եմ։ Այդ երիտասարդի արյունը գիշեր-ցերեկ աչքերիս առջև է։ Ես նրա մահվան ակամա պատճառն եմ, աստված ինձ է պատժելու։
Եվ զրկվում է Ալինան քնից, հանգստությունից, ախորժակից։ Եվ ատելով ամուսնուն, սկսում է ատել ամենքին։ Եվ դատապարտելով ամուսնուն, դատապարտում է ինքն իրեն էլ: Գիշերները աղախինը լսում է նրա երկարատև հիսթերիկան, նրա սուր գոռոցները.
— Հեռո՜ւ ինձնից. մի մոտենար, ես քո ձեռքերի վրա անմեղ արյուն եմ տեսնում։
Եվ ոչինչ չի ազդում նրա վրա, ո՛չ բժիշկների խնամքը, ո՛չ ամուսնու աղերսանքները, ո՛չ խանդավառ սերը, ո՛չ զղջումը։ Այո, նա զղջում է գուցե անկեղծ, գուցե հավատալով Ալինայի մաքրությանը, բայց զուր։ Օր-օրի վրա Ալինայի հոգին քայքայվում է…
Փոքրիկ նահանգական քաղաքում, եղելությունն իրարու պատմում են աղավաղած։ Չհաստատված լուրերը հաղորդվում են իբրև փաստեր: Զրպարտությունը, որ գեղեցիկ կանանց անխուսափելի ուղեկիցն է, հալածում էր Ալինային դեռ մենամարտությունից շատ առաջ։ Այժմ չար լեզուների բոլոր կապանքները լուծվում են, իսկ նա անտարբեր էր դեպի հասարակական կարծիքը։ Նա ամփոփվել է ինքն իր մեջ, նա հեռու է, շատ հեռու դրսի աշխարհից։ Նրա լսելիքին չի հասնում ոչ մի ձայն այնտեղից։ Դեղին վարդերի փունջը վաղուց է թառամել, բայց նա մի գեղեցիկ վազայի մեջ շարունակում է զադարել Ալինայի դաշնամուրը։ Օրը հարյուր անգամ նա մոտենում է այդ փնջին և յուր քնքուշ մատներով շոշափում է թորշոմած վարդերը, որոնց տերևները մեկիկ-մեկիկ պոկվելով ընկնում են վար և անհետանում։ Վերջը, մի ժամանակվա սքանչելի ծաղիկներից մնում են նրանց չորացած ձողիկները։ Այն ժամանակ Ալինան հրամայում է իր հավատարիմ աղախնուն, որ սիրում էր նրան լավագույն քրոջ սիրով, ամեն օր, ամեն օր գնել մի-մի դեղին վարդ։ Եվ ահա այդ խորհրդավոր վարդն է, որ այսօր էլ զարդարում է Ալինայի կուրծքը:
Սրափիոնը վճռում է վերցնել Ալինային և հեռանալ անծանոթ